211652_close_icon
views-count1019 դիտում article-date 19:47 13-11-2015

Դասախոսական անձնակազմի համալրում, բարդացված կառավարում. բուհական համակարգի խնդիրներն` ըստ Ռուբեն Թոփչյանի

Հայաստանյան բուհական համակարգին բնորոշ ամենամեծ խնդիրը դասախոսական անձնակազմի համալրումն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Նրա խոսքով` բուհերի կառավարումը ևս խնդրահարույց է. կառավարման համակարգը բարդացված է, պատասխանատվությունները միշտ չէ, որ հստակ են: «Նաև կառավարման խնդիր եմ համարում, երբ նոր դասախոսների մուտքը համալսարան պակասում է»,- ասաց Ռ. Թոփչյանը`հավելելով, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների արդյունքում բուհերի կառավարման համակարգը բարեփոխման մեջ է: Նա տեղեկացրեց, որ 16 բուհեր արդեն իսկ անցել են հավատարմագրման գործընթացը, ևս 4 բուհի`Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Մ. Խորենացու անվան համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն ընթացքի մեջ է: «Պետության կողմից պահանջ է դրվել, որ մինչև 2018 թվականը բոլոր բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: Այդ ժամկետից հետո հավատարմագրում չունենալու հետևանքները, սակայն, Կառավարության կողմից դեռևս սահմանված չեն»,- ասաց Ռ. Թոփչյանը`նշելով, որ միջազգային պրակտիկայում նման բուհերում ընդունելությունը դադարեցվում է: Պարոն Թոփչյանը կարևորեց, որ հավատարմագրման գործընթացի արդյունքում բուհերն ուսումնասիրում ենք իրենք իրենց, հասկանում ուժեղ և թույլ կողմերը: Տեղացի և միջազգային փորձագետների կողմից վեր հանված խնդիրների համար նրանց իսկ խորհրդատվության հիման վրա ուսումնական հաստատությունը բարելավման պլան է կազմում`իրագործման քայլերով ու ժամանակացույցով: «Չենք կարող մաքսիմալիստ լինել և ասել, որ հավատարմագրման ժամկետի ավարտին, օրինակ`չորս տարի հետո, բուհը որևէ խնդիր չի ունենա: Բայց հիմնական խնդիրները, որոնք փորձագետները մատնանշել են, պետք է կամ լուծված լինեն, կամ լուծման ավարտական փուլում լինեն: Հաջորդ հավատարմագրման ժամանակ այդ հանգամանքը փորձագետների ուշադրության կենտրոնում է լինելու»,- ասաց պարոն Թոփչյանը: Նա նաև տեղեկացրեց, որ մեկնարկում է ծրագրային հավատարմագրումների փուլը: «Եթե ուսումնական հաստատությունն ունի ինստիտուցիոնալ հավատարմագրվածի կարգավիճակ, դա դեռ չի նշանակում, որ բուհում որակը լավ է: Ռեալ որակը միայն կառավարման մեջ չէ, այլ նաև իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի»,- ասաց Ռ. Թոփչյանը: Ծրագրային հավատարմագրմամբ բուհերը կկարողանան հավաստել, որ իրենց մասնագիտական կրթական ծրագրերն արդյունավետ են, իսկ շնորհվող որակավորումները համապատասխանում են պահանջներին: Կառավարության որոշմամբ, սակայն, ծրագրային հավատարմագրումը ինստիտուցիոնալի պես պարտադիր չի համարվում, թողնված է բուհերի հայեցողությանը:«Մենք կարծում ենք, որ դա որոշակի մասով պարտադիր պետք է լինի: Օրինակ, եթե բուհը 4 տարի ժամկետով հավատարմագրում է ստանում, ապա այդ ընթացքում ծրագրերի գոնե 20-30 տոկոսը պետք է փորձաքննություն անցնեն»,- ասաց նա: ՈԱԱԿ տնօրենը նաև տեղեկացրեց, որ կարևորելով ուսուցման արդյունավետության ուսումնասիրություններն` առաջիկայում սպասվող ամենամյա համաժողովի համար հետևյալ թեման են ընտրել.«Կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ»: «Կարևոր է, որ դասախոսն ուսումնասիրություն կատարի, թե որքանով է իր ուսուցումն արդյունավետ: Արևմտյան բուհերում այդպիսի պրակտիկա կա. դասախոսը տարեվերջում հաշվետվություն է ներկայացնում`ցույց տալով, թե որքանով է արդյունավետ իրականացրել իր գործունեությունը և ինչպես է դա գնահատել: Ուզում ենք, որ մեզ մոտ էլ դա դառնա դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը»,- ասաց Ռ. Թոփչյանը: Նա կոչ արեց դասախոսներին մասնակցել հունվարի 21-22-ին կայանալիք համաժողովին և ներկայացնել իրենց փորձի վրա հիմնված հետազոտությունները: Լավագույն աշխատանքները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի նախաձեռնած միջազգային ամսագրում, որը կհրատարակվի 2016 թ. հոկտեմբերին:

Նմանատիպ նյութեր