211652_close_icon
views-count1019 դիտում article-date 11:49 17-11-2015

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները: Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է շատերի համար: Սիրելի ուսանողներ, դուք ապրում եք այնպիսի մի ժամանակաշրջանում, որը հետաքրքիր է իր ոչ միօրինակության ու բարդության մեջ, որը, հարուստ լինելով մարտահրավերներով, միաժամանակ, ինքնադրսեւորման ու իրացման մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես երիտասարդության, այդ թվում եւ ուսանողության համար: Ապրում եք ու սովորում, մի մասը՝ ուսմանը զուգահեռ նաեւ աշխատում, ապրում եք ու պայքարում, մտածում ու նախաձեռնում, ստեղծում ու ստեղծագործում, սիրահարվում ու բարեկամանում, իսկ ակտիվ հասարակական ու ստեղծագործական կյանքը չի խանգարում նշանակալի արդյունքների հասնել գիտակրթական ասպարեզում: Այսպես երաշխավորվում է երկրի ու ժողովրդի վաղվա օրը, որովհետեւ ձեր գիտելիքներից ու մտահղացումներից, դրանց գործնական կիրառումից, ձեր հաստատակամությունից, քաղաքացիական դիրքորոշումից կախված է պետության ապագան: Կրկին շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ գիտելիքներն իրացնելու ավելի մեծ հնարավորություններ: Թող հոգու երիտասարդությունը, ստեղծագործական ավյունն ու երազելու ցանկությունը միշտ ուղեկցեն ձեզ»:

Նմանատիպ նյութեր