211652_close_icon
views-count912 դիտում article-date 21:26 18-11-2015

Դեսպան Մնացականյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցավ «Պահպանելով միջազգային խաղաղությունը և անվտանգությունը` արտացոլելով պատմությունը. Անվտանգություն, զարգացում և հակամարտությունների արմատները» խորագրով բաց քննարկումը, որը նախագահում էր ՄԹ-ի միջազգային զարգացման նախարար Ջ.Գրինինգը: Քննարկմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-մունը, Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության նախարարը, Ռուանդայի համագործակցության նախարարը, Պորտուգալիայի ԱԳևՀ պետքարտուղարը, նոբելյան մրցանակի դափնեկիր Ու. Բուչամաուին` ընդհանուր թվով շուրջ ութ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում Հայաստանի դեսպանը նախ կարևորեց հակամարտությունների կանխարգելումը` հնարավորինս վաղ փուլում, քանի որ հապաղումն այս հարցում հղի է վեճերի թեժացմամբ, խոշոր մարդասիրական ճգնաժամերով և, ի վերջո, ոճրագործություններով: Անդրադառնալով խնդրո առարկայի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, ՀՀ դեսպանը նշեց, որ «տևական անարդարությունը, խտրականությունը և հիմնարար ազատությունների մերժումը` հաճախ հանդիսանում են հակամարտությունների հիմնաղբյուրները: Հայերը վերապրել են նման փորձ: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է արժանանա պատշաճ ուշադրության` ՄԱԿ-ի բոլոր կառույցների` և առաջին հերթին ԱԽ-ի կողմից: Քաղաքացիական հասարակության դերակատարությունը` անփոխարինելի է»: «Հայաստանն ունի ցավալի փորձ` երբ միջազգային միջնորդական ջանքերը, միակողմանի կերպով, ենթարկվում են խեղաթյուրման և կանոնավոր չարաշահման, նպատակ ունենալով տապալել այդ գործընթացը կամ ենթարկել միջազգային իրավունքը կամայական մեկնաբանության», - հավելեց Զոհրաբ Մնացականյանը, շեշտելով, որ միջազգային հանրության ջանքերի համախմբումն անհրաժեշտ միջոց է` յուրաքանչյուր հակամարտության կանխարգելման կամ կարգավորման ճանապարհին: Ելույթում հիշատակվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ Հատուկ խորհրդականի դերակատարությունը ի հայտ եկող ռիսկային իրավիճակների բացահայտման գործում և վերահաստատվեց Հայաստանի աջակցությունը վերջինիս գործունեությանը: Ելույթի ամփոփիչ հատվածում դեսպան Մնացականյանը նշեց, որ վեճերի կարգավորման տարածաշրջանային միջազգայնորեն համաձայնեցված բանակցային ձևաչափն ավելի ուրույն աջակցության կարիք ունի: «Հայաստանը մշտապես ողջունել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի ԳՔ-ի աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորմանը», - եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր