211652_close_icon
views-count2612 դիտում article-date 22:34 21-11-2015

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին ներկայացվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում կատարվել են տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման ու տեղադրման աշխատանքներ, այժմ ընթանում է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով բժշկական կենտրոնի հագեցման գործընթացը: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրի շրջանակում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1 մլրդ 618 մլն ՀՀ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 385.2 մլն ՀՀ դրամ (24 տոկոս), ՀԲ միջոցներից՝ 1 մլրդ 233 մլն ՀՀ դրամ (76 տոկոս): Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը լիովին համապատասխանում է ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին: Այն հնարավորություն կընձեռի Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրու տարածաշրջանի բնակչությանը տեղում մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ: Վարչապետի այցի հաջորդ կանգառն մարզի Ագարակ քաղաքն էր, որտեղ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել հիմնանորոգված արվեստի դպրոցի բացմանը, շրջել դպրոցի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Ագարակի արվեստի դպրոցը վերանորոգվել է «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և Ագարակի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ներդրումը կազմում է 137 մլն ՀՀ դրամ, որից «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի միջոցներից` 102 մլն ՀՀ դրամ: 208 աշակերտ ունեցող արվեստի դպրոցն ամբողջությամբ վերազինվել է նոր գույքով, ապահովված է համապատասխան մասնագետներով (30 ուսուցիչ) և երաժշտական գործիքներով: Աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ: Ձեռնարկության ղեկավարները վարչապետին են ներկայացրել կոմբինատի զարգացման ծրագրերը և նշել, որ նույնիսկ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանման պայմաններում ընկերության աշխատակազմի և աշխատավարձերի, ինչպես նաև հզորությունների կրճատում չի եղել: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը խնդրել է վարչապետին աջակցել ձեռնարկությանը՝ ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում աշխատանքները նույն հունով շարունակելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը լուրջ դեր ունի տնտեսության զարգացման գործում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, որպեսզի կոմբինատի բնականոն գործունեությունը չխաթարվի: ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Մեղրի, Ագարակ, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Վարչապետը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, և գործադիրը շարունակելու է մարզերի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման քաղաքականությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր