16608 դիտում
23:09 01-02-2017
«Մենք ունենք համայնքներ, որտեղ դպրոցները թերբեռնված են, հաստատուն ծախսերը շատ են». ՀՀ վարչապետն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 1-ին, աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող հիմնական ցուցանիշերը, զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող մի շարք ծրագրեր՝ մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով: Մարզպետը, մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին ակտիվ իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ կաթիլային եղանակով ոռոգվող այգիների ստեղծման աշխատանքներ:
Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ նա տեղեկացրել է, որ նախատեսում են օպտիմալացում կրթության և առողջապահության ոլորտներում: Մասնավորապես, կրճատման ենթակա կլինեն մանկավարժական և վարչական կազմի 90 հաստիք, ինչի արդյունքում կտնտեսվի 60 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի առողջապահական հաստատությունների օպտիմալացման շրջանակում նախատեսվում է 50 հաստիքի կրճատում, կտնտեսվի 44 մլն ՀՀ դրամ: Մարզպետը նաև ներկայացրել է 2017 թ. ծրագրերը մի շարք համայնքներում՝ արևային էներգիայի արտադրության կայանների և նոր ջերմոցային տնտեսության հիմնում, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնում, զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացում և այլ ծրագրեր:
Վարչապետն անդրադարձել է նաև կրթական համակարգի բարեփոխման հարցին՝ կարևորելով ոլորտում թե´ կադրային, թե´ շենքային օպտիմալացումը: «Մենք ունենք համայնքներ, որտեղ դպրոցները թերբեռնված են, հաստատուն ծախսերը շատ են: Այդ դպրոցները միավորելով և´ հաստատուն ծախսը կնվազեցնենք, և´ ձեր տնտեսած միջոցների հաշվին այն համայնքներում, որտեղ ուսուցիչ չի գնում, վարձավճարի համակարգը որոշակի բոնուս կունենա: Այն միջոցները, որոնք արդյունավետ կառավարման մեջ տնտեսում եք, մի մասն ուղղեք այդ նպատակին», - նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաև մարզում բիզնես միջավայրի ընդհանուր վիճակի, ձեռնարկությունների քանակի, գործունեության ոլորտների, զբաղվածության մակարդակի, ընթացիկ և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները ներկայացրել են զարգացմանը վերաբերող առաջարկություններ: Աբովյանի քաղաքապետը, մասնավորապես, առանձնացրել է Աբովյանը խելացի քաղաք և ՏՏ ոլորտում ազատականացված գոտի դարձնելու ծրագրերը, որոնք այժմ մշակվում են և համապատասխան ընթացակարգերից հետո կներկայացվեն կառավարություն: Ողջունելով գաղափարը՝ վարչապետը կարևորել է Աբովյանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և թվայնացումը, ինչպես նաև քաղաքի ենթակառուցվածքների կառավարման գործում մասնավոր հատվածի ներգրավումը:
Իսկ Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, որի նպատակը զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի խթանումն է: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում Ծաղկաձորում կստեղծվի ժամանցի կենտրոն:Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք վերաբերում են արևային կայանների և ջերմոցների ստեղծմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, կաշվե իրերի արտադրության հիմնմանը, ինտենսիվ կաթիլային համակարգով ոռոգվող այգիների ստեղծմանը, արդեն գործող բիզնեսների ընդլայնմանը և այլն: Կարեն Կարապետյանը ողջունել է հնչած գաղափարները՝ առաջարկելով դրանք ձևակերպել բիզնես տրամաբանությամբ և ներկայացնել կառավարության քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
20:41 12-08-2014
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ
2612 դիտում
22:34 21-11-2015
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ (լուսանկարներ)
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին