211652_close_icon
views-count2240 դիտում article-date 20:22 27-11-2015

Հայաստանում մեկնարկել է «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը

Նոյեմբերի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով իրազեկման ամփոփիչ միջոցառումը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում: Իրազեկման միջոցառումները մեկնարկել էին հոկտեմբերի 8-ին և հյուրընկալվել Հայաստանի 12 համայնքներում՝ Գավառում, Վարդենիսում, Ճամբարակում, Իջևանում, Ամասիայում, Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Ապարանում, Թալինում, Ալավերդիում և Ստեփանավանում: Բոլոր 13 միջոցառումների ընթացքում մայրիկները հնարավորություն են ունեցել լսելու մանկաբույժի խորհուրդները, հարստացրել իրենց գիտելիքները երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի վերաբերյալ, մասնակցել են ինտերակտիվ խաղերին և մրցույթներին, դիտել են երաժշտական համարներ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը նշեց, որ «Կարևոր է առաջին 1000 օրը» կարգախոսն օգտագործվում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: «Հիմնական գաղափարն այն է, որ կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում՝ ներարգանդային կյանքի առաջին 9 ամիսների և մանկիկի կյանքի առաջին 2 տարիների ընթացքում, հաստատվում է նրա առողջ ապագան: Այդ ժամանակահատվածում կորցրածը աճի և զարգացման տեսանկյունից հետագայում հնարավոր չէ վերականգնել»,- շեշտեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Վաղ մանկության շրջանում երեխաների կերակրման ճիշտ գործելակերպը և մինչև վեց ամիս բացառապես կրծքով սնուցումը, ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը, կրծքով հնարավորինս երկար կերակրումը վաղ մանկության զարգացման, մանկական հիվանդացության և մահացության իջեցման կարևորագույն նախադրյալներն են: Երեխայի սնուցման և խնամքի վերաբերյալ բազմաթիվ հայալեզու գրականություն, ինչպես նաև տեսանյութեր ծնողները կարող են գտնել http://nutrition.am/ կայքում: Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի ղեկավար Անուշ Սահակյանը տեղեկացրեց, որ բացի այս հանրային միջոցառումների շարքից՝ անցկացվել են նաև մրցույթներ մայրիկների շրջանում, լուսանկարչական ցուցահանդեսներ: Այժմ այս հանրային միջոցառումներին զուգահեռ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվում են ինտերակտիվ ներկայացումներ երեխաների սնուցման և խնամքի թեմաներով: Մինչ օրս «Կարևոր է առաջին 1000 օրը» քարոզարշավին մասնակցել են մոտ 9000 վաղ հասակի երեխաների ծնողներ»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը: «Կարևոր է առաջին 1000 օրը» իրազեկման միջոցառումների շարքն անցկացվում է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձին ընդառաջ: 2015թ.-ին աշխարհում նշվում է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 26-րդ տարեդարձը: Կոնվենցիայով ճանաչվում են 0-18 տարեկան բոլոր երեխաների իրավունքները: Հայաստանը միացել է կոնվենցիային 1992թ. հունիսի 12-ին: «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2014թ. փետրվարին և կիրականացվի մինչև 2016թ. հունիս:

Նմանատիպ նյութեր