211652_close_icon
views-count2521 դիտում article-date 19:14 05-09-2016

Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը

Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներն առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մարիոթ Արմենիա հյուրանոցային համալիրում: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով համաժողովի նպատակները և նշանակությունը, նշել է, որ Երեխաների սնուցման համաշխարհային համաժողովը ասիական տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ: Համաժողովը կարևոր է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ճանաչողության առումով՝ հաշվի առնելով, որ համաժողովում շատ են հատկապես աֆրիկյան երկրների պատվիրակությունները: Նախարարն իր խոսքում նշել է , որ դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանում գործող ամենահաջողված սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրերից է. <<Այսօր ծրագիրն իրագործվում է բոլոր մարզերում՝ ինչպես կառավարության, այնպես էլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Մեր նպատակն է ի վերջո հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների կրտսեր դասարաններում մատուցվի տաք սնունդ: Ի սկզբանե ծրագիրը մեկնարկել էր մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, սակայն այս պահին արդեն պետական բյուջեն իր է վրա վերցրել բակավական լուրջ պատասխանատվություն: Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ծրագիրն իրագործվում է պետական բուջեի ֆինանսավորմամբ: Այս տարվանից սկսած Տավուշի մարզում ևս դպրոցական սնունդը կմատուցվի պետության միջոցներով: Հետագայում փորձելու ենք, քայլ առ քայլ աշխարհագրությունն ընդլայնելով, ավելացնել պետության մասնակցությունը ծրագրին ,- նշել է նախարարն և հավելել, որ մեր երկրում ծրագրի իրականացմանը մեծ աջակցություն են ցուցաբերում միջազգային դոնորները: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ բոլոր 1- 4-րդ դասարանցիների սննդի կազմերպման համար դպրոցներում անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների ապահովում. խոհանոցների, սառնարանների և այլ տեխնիկական պայմանների առկայություն: <<Այս առումով մեզ համար միջազգային փորձը կարող է օգտակար լինել, ինչպես նաև մեր փորձը կարող է հետաքրքրել այլ երկրների>>,- նշել է Լ. Մկրտչյանը և հավելել,,որ Հայաստանում ձևավորվելու է համապատասխան հիմնադրամ, որը կաջակցի դպրոցներին սննդի կազմակերպման համար պահանջվող համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հարցում. <<Շենքային պայմանների վերակառուցման և նորոգման, խոհանոցների ձևավորման համար պահանջվում են ֆինանսական լուրջ միջոցներ, որը պետական բյուջեն իր վրա վերցնել չի կարող: Մենք ակնկալում ենք, որ այդ խնդիրը կլուծվի հիմնադրամի աջակցությամբ>>: Նախարարի խոսքով՝ այն մարզերում, որտեղ պետության կողմից իրականացվում է դպրոցական սննդի ծրագիրը, պետբյուջեից յուրաքանչյուր երեխայի համար հատկացվում է օրական մոտ 150 դրամ գումար: Ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Համաժողովի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի նախագահ Ջեն Ուայթը, Բրազիլիայի ՊՀԾ Սովի դեմ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբան և ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրեն Էրթահին Քուզին: Համաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 9-ը: Միջոցառման համակազմակերպիչներն են "Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամը", Բրազիլիայում գործող ՊՀԾ-ի "Սովի դեմ գերազանցության կենտրոնը" և ՀՀ կառավարությունն` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության: Նախորդ տարիներին համաժողովները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Գանայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Եթովպիայում և Բրազիլիայում:

Նմանատիպ նյութեր