1472 դիտում
16:07 28-11-2015
Հայաստանում մարդիկ քիչ են տեղեկացված հեպատիտների մասին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտման եվրոպական նախաձեռնության շրջանակներում անցկացրել է «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» խորագրով ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Նարինե Մեժլումյանը տեղեկացնում է, որ Եվրոպայում արդեն մի քանի տարի հայտարարվում է ՄԻԱՎ-ի հետազոտման շաբաթ, որի նպատակն է՝ մարդկանց հասցնել այն ուղերձը, որ պետք է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ կարգավիճակը, հնարավորինս կանխարգելել այն կամ, եթե վարակակիր ես, բուժում ստանալ և կյանքը երկարացնել։ Այս տարի եվրոպական նախաձեռնությունն իր տեղեկատվական արշավում ավելացրել է նաև հեպատիտները, քանի որ վարակված լինելու, սակայն այդ մասին չիմանալու վտանգ կա նաև հեպատիտների, հատկապես C-ի և B-ի դեպքում։
Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցերոզից ու քաղցկեղից։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շուրջ 240 միլիոն մարդ խրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 միլիոնը՝ հեպատիտ C-ով։ Տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 միլիոն նոր դեպք։ Հայաստանի Հանրապետությունը հեպատիտ B-ի և C-ի առումով համարվում է միջին տարածվածության գոտի։ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսն ունի խրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտ 4 տոկոսը՝ խրոնիկ հեպատիտ C վիրուսակրություն։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք ըստ Նարինե Մեժլումյանի, եթե վաղ հայտնաբերվեն, կարող են բուժվել։ Հեպատիտ C-ն այսօր արդեն 90 տոկոս և ավելի դեպքերում հնարավոր է լիարժեքորեն բուժել, իսկ հեպատիտ B-ն, եթե խրոնիկ ձև ունի, չի բուժվում վերջնականորեն, սակայն համապատասխան բուժման միջոցով երկարացվում է կյանքը, և մարդը կարող է տասնյակ տարիներ ապրել՝ ավելի փոքր դարձնելով լյարդի ցերոզի և քաղցկեղի առաջացման ռիսկը։
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա 2013-ին աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 35 միլիոն, մահացել է մոտ 1,5 միլիոն ՁԻԱՀ-ով հիվանդ։ Հայաստանում իրավիճակը 1988թ. ի վեր, երբ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը 2194 ՄԻԱՎ դեպք է հայտնաբերված, որից 334-ը՝ 2015-ին։ 1988թ. առ այսօր 493 մահվան դեպք է ՀՀ-ում արձանագրվել, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ Այս թվերը ստիպում են մտածել այն մասին, որ բնակչությանը պետք է իրազեկել, որպեսզի մարդիկ ժամանակին հետազոտվեն, իմանան հիվանդությունների կանխարգելման միջոցները, վարեն առողջ ապրելակերպ։
«Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակներում ՀԵՀ մարզային կենտրոնները նոյեմբերի 20-27-ը համապատասխան իրազեկման միջոցառումներ են անցկացրել բոլոր մարզերում, տեղերի կրթական հաստատություններում։ Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքում։ Նարինե Մեժլումյանն ընդգծում է, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է եվրոպական նախաձեռնության շրջանակներում իրականացնում նման ծրագիր, ու նկատելի է, որ ՄԻԱՎ-ի մասին բնակչությունն ավելի շատ է տեղյակ, քան հեպատիտների։
«Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև Երևանի ավագ դպրոցների աշակերտների հետ։ Մասնակիցներից Վարսիկ Գևորգյանը Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 12-րդ դասարանում է սովորում։ Ասում է, որ որոշակիորեն տեղեկացված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին։ Նշում է, որ ՄԻԱՎ-ը կենցաղային ճանապարհով չի փոխանցվում, և ըստ Վարսիկի՝ հասարակությունը պետք է հասկանա, որ ՄԻԱՎ-ակիր մարդու հետ սովորական, առօրյա շփումը վարակման վտանգ չունի, ու պետք չէ խուսափել նրանցից, խտրական վերաբերմունք ցույց տալ, քանի որ դա կարող է հոգեբանական ճնշում լինել վարակակրի կամ ՁԻԱՀ-ով հիվանդի վրա։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
22:29 26-07-2019
Երևանում, Գավառում և Գյումրիում կանցկացվեն վիրուսային Բ, Ց հեպատիտների անվճար հետազոտություններ
3916 դիտում
16:25 22-05-2022
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը