211652_close_icon
views-count3612 դիտում article-date 17:13 01-12-2015

Բանակում իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացած Գեւորգի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. նա ընտանիքի միակ տղան էր

Գլխի գագաթային շրջանի հրազենային վերքից մահացած Գեւորգ Խաչատրյանը ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարեւանները, ովքեր չէին կարողանում համակերպվել կատարված դաժան իրականության հետ: Գեւորգն իրենից փոքր քույր ունի: Հարեւանները նաեւ նշեցին, որ տղայի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին: «Ախր հասկանո՞ւմ եք, հնարավոր չէր, որ նա նման քայլի գնար: Ավելին, երբ կատարվածը հակառակորդի կողմից է լինում, դեռ փորձում ես որոշ չափով մխիթարվել, որ կյանքը զոհ գնաց հայրենիքին: Բայց ինչո՞ւ, ինչի՞ համար նման հարված: Այս հարվածը ոչ միայն նրա հարազատներինն էր, այլեւ բոլորինս»,- ավելացրին հարեւանները: Մինչեւ այդ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ Գեւորգը զորակոչվել էր Շենգավիթից եւ մոտ վեց ամիս է, ինչ ծառայում էր: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին հեռախոսագրով հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել էր հրազենային վնասվածք եւ տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել էր, որ Գ. Խաչատրյանն ստացել էր գլխի գագաթային շրջանի հրազենային վերք եւ բուժկետում գրանցվել էր նրա բիոլոգիական մահը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր քննչական կոմիտեից: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էր մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել էր իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էր հրազենային վնասվածք, ինչպես նաեւ՝ քերծվածքներ սրունքների վրա։ Պարզվել էր նաեւ, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։ Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։ Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր