33860 դիտում
10:56 03-12-2015
Ավազակային հարձակում Արարատի մարզում. 3 զինված դիմակավորված անձինք «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ից հափշտակել են 24 մլն 770 հազար դրամ ($51,000)
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում դիմակավորված 3 հոգի՝ զինված, խաբեությամբ ներս են մտել «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել են Դարակերտ գյուղի բնակիչ, 27-ամյա Յուրի Քալոյանին, ով աշխատում է պահակ, այնուհետև ներս են մտել ՍՊԸ-ի դրամարկղի սենյակ, կոտրել մետաղյա պահարանի դուռը և այնտեղից հափշտակել 24 մլն 770 հազար դրամ (51,000 ԱՄՆ դոլար):
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին Մասիսի ոստիկանություն հայտնել է ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բմակիչ, 58-ամյա Մակիչ Օհանյանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավազակային հարձակում և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: