1053 դիտում
22:22 07-12-2015
Կլոր-սեղան քննարկում` նվիրված Լազարյանների արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակին
Դեկտեմբերի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ներքո գործող թանգարանի նախաձեռնությամբ` մոսկովյան թանգարանի շքասրահում տեղի ունեցավ Լազարյանների արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակին նվիրված կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Մոսկվայի տարբեր գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ ու լազարյանագետներ, Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու տեղի բուհերի հայ ուսանողները:
Կլոր-սեղան քննարկման բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր ելույթում նշեց Մոսկվայի Հայակական նրբանցքում տեղակայված, Լազարյանների կողմից հիմնադրված արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի տարբեր հարթակներում տարեսկզբից մեկնարկած միջոցառումների կարևորությունը` ընդգծելով նաև կրթական հաստատության բացառիկ դերակատարումը ռուսաստանյան գիտակրթական բնագավառի առաջընթացի և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: «Իմ խորին համոզմամբ, մեր առաքելությունն է մեծանուն մարդկանց հանդեպ հավիտենական երախտիքի և նվիրումի զգացումը փոխանցել սերնդեսերունդ: Լազարյան տոհմի ներկայացուցիչներն իրապես պատմության մեջ իրենց եզակի տեղն են զբաղեցրել, և նրանց թողած հոգևոր և նյութական ժառանգությունն այսօր էլ ձևավորում է Լազարյան տոհմի պատմական կերպարը: Ակնհայտ է, որ 300 տարի անց ևս եկող սերունդները մեծ երախտագիտության և շնորհակալանքի զգացումով են խոսելու այս տոհմի ներկայացուցիչների գործունեության մասին», - նշեց դեսպան Եսայանը:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր խոսքում անդրադառնալով Լազարյանների գործունեությանը, նշեց, որ հայ և ռուս ժողովուրդներն իրար կապող Լազարյան ընտանիքի թողած հարուստ ժառանգությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի ողջ հայության համար եղել և մնացել է հպարտանքի և զարգացման ուղեծիր:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ, ռուսաստանյան հասարակական և գիտական ոլորտի անվանի գործիչներ և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ` հանգամանալից անդրադառնալով Լազարյան ընտանիքի բազմոլորտ գործունեությանն ու հայ-ռուսական տնտեսական, հումանիտար և հասարակական հարաբերությունների զարգացման գործում նրանց նշանակալի ավանդին:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
13:59 22-06-2015
Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարների վերաբերյալ
5855 դիտում
22:01 18-05-2017
ՀԱՊԿ 25-ամյակին նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել Բրատիսլավայում
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»