211652_close_icon
views-count954 դիտում article-date 16:24 09-12-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամներին

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Կենտրոնական վարչության անդամներին` ուղեկցությամբ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի: Ներկայացնելով վարչության անդամներին` Գառնիկ Մկրտիչյանը անդրադարձավ ՀՄԸՄ վարչության առաքելությանն ու կազմակերպական խնդիրներին, համագործակցությանը Հայոց Եկեղեցու թեմերի հետ: ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետը մասնավորաբար նշեց, որ վարչության բոլոր անդամների մեկտեղումը Հայրենիքում լրացուցիչ եռանդ է հաղորդում ամենքին` մեկ քայլով մոտեցնելով նրանց հիմնական առաքելությանը. այն է`հայ երիտասարդին պահել մաքուր ու անբասիր, հավատարիմ նախնյաց սուրբ ավանդներին ու բարքերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով ՀՄԸՄ վարչական մարմնի նոր անդամներին, կարևորեց նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն և գնահատեց այն դերակատարությունը, որ վերջիններս ունեն հայ երիտասարդի նկարագրի կազմության, նրա սրտում հոգևոր-բարոյական արժեքների ձևավորման աստվածահաճո գործում: Անդրադառնալով ՀՄԸՄ Կենտրոնական վարչության աշխատանքներին` Նորին Սրբությունը հավելեց, որ Հայ Եկեղեցին մշատապես առաջնահերթ կարևորություն է ընծայել մատաղ սերնդի կրթության վեհ ու նվիրական առաքելությանը և ողջունել դրանում մասնակից հայորդիներին, ովքեր անձնվիրաբար կյանքի են կոչում երիտասարդների հայրենասիրական աշխարհայացքի կերտումը: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների գործունեությանը և այնտեղ ջամբվող հոգևոր-հայրենասիրական կրթությանը: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր