211652_close_icon
views-count29334 դիտում article-date 16:51 10-12-2015

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 52-ամյա գյուղացին հենց գյուղում վնասազերծել է գառների հոտի վրա հարձակվող գայլին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Թեղենիք գյուղի բնակիչ, 52-ամյա Դավիթ Մանուկյանը նկատել է, որ գայլը հարձակվում է ոչխարի հոտի վրա: Ինչպես Թեղենիք գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գայլին տեսնելը Դավիթը նկատել է, որ շունն անհանգիստ շարժումներ է անում, և, ինչպես գյուղացիներն են ասում, գայլահաչ է դրել: Դավիթը կարողանում է տանից իրեն օրինական եղանակով ամրակցված մեկփողանի որսորդական հրացանով հենց գոմի մոտ կրակել գայլի վրա, ինչի հետևանքով գայլը սատկում է: Թեղենիք գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման դեպքեր հաճախակի են լինում գյուղում, երբ գայլը հարձակվում է գառների հոտի, իսկ երբեմն էլ՝ խոշոր եղջերավոր անասունների վրա ու ամեն անգամ գյուղացին մեծ չափի վնասներ է կրում՝ 30-50 ոչխար, գառ ու այծ է սատկացնում գայլը: «Ճիշտն ասած, գելին ստիպված ենք խփում: Գիտենք, որ անտառում էլ որս չի մնացել, էն էլ ստիպված իջնում ա գյուղ, բայց դե մենք էլ այլ ելք չունենալով ստիպված վնասազերծում ենք գելերին»,-ասում էին նրանք: Բնապահպանության նախարարությանն արդեն քանի տարի է, որ ամեն մի վնասազերծված գայլի դիմաց գյուղացուն վճարում է 100 հազար դրամ: Երևի այս դեպքում էլ պատկան մարմինները կառավարության որոշումը գործի կդնեն և Դ. Մանուկյանը կստանա այդ գումարը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները նաև ասում էին. «Եթե Դավիթը չխփեր գելին, հերթով սաղիս խոշոր ու մանր եղջերավոր անասուններին վնասելու էին: Գելի խասիաթն ա՝ մի անգամ մենակ ա գալիս, հետո, երբ տեղն անում են, ոհմակով են գալիս»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր