60880 դիտում
09:13 21-03-2016
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում. գայլը հարձակվել է 75-ամյա տատիկի վրա. նրան փրկել են հարազատները. Կոկո անունով շունը վնասազերծել է գայլին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները և Եղեգնաձորի շտապ օգնության բրիգադը: Բժիշկները տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին, 75-ամյա Ռոզա Հարությունյանին տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 75-ամյա տատիկը իրենց երկհարկանի տան նկուղային հարկում փորձել է դույլը վերցնի և մտնի գոմ՝ կովին կթելու: Այդ ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, գայլը հարձակվել և դեմքի մասում վնասվածքներ է պատճառել: Բարեբախտաբար, աղմուկի վրա ընտանիքի անդամները դուրս են եկել և շտապ օգնության հասել վիրավոր տատիկին:
Այս պահին գյուղում աշխատում է ոստիկանության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարեց կինը գտնվում է ծանր կայուն վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ գյուղացիները հայտնաբերել են տատիկի վրա հարձակված գայլին՝ սատկած վիճակում: Պարզվել է, որ գայլին վնասազերծել է գյուղի` Կոկո անունով շունը:
Ֆոտոլրագրողին Եղեգնաձորի հիվանդանոցից հայտնել են, որ կինը այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+