211652_close_icon
views-count1062 դիտում article-date 17:37 15-12-2015

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները շարունակական են

Մայրաքաղաքում շարունակվում են «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» աշխատանքները, որոնք իրականացվում են Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրի ամբողջ ընթացքը գտնվում է պատասխանատուների ամենօրյա հսկողության ներքո: Մինչև օրս իրականացված և ներկայում ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ծրագիրն ընդգրկում է մի քանի բաղադրիչ: Մասնավորապես, ջրամատակարարման բարելավման ծրագրով նախատեսված է թարմացնել Շենգավիթ, Դավթաշեն, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մասնավոր տնատիրությունների հատվածների ջրաբաշխիչ ցանցերը, կառուցել անհատական ջրաչափական հորեր, տեղադրել ջրաչափական հաշվիչներ և ապահովել մինչև ծորակը անհատական միացումը: «Ծրագրի առաջին բաղադրիչի ավարտից հետո մենք կարող ենք վստահորեն ասել, որ մայրաքաղաքի մասնավոր տների շուրջ 6000 բաժանորդ կունենա բարելավված, հուսալի և, ինչը շատ կարևոր է` առանց կորուստների ջրամատակարարում: Աշխատանքները ներառում են նաև վթարված և քայքայված բաշխիչ ցանցի բարելավումը: Արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել շուրջ 107 կմ երկարությամբ ջրամատակարարման նոր գիծ: Բացի այդ, վերակառուցվել են վթարային կոյուղագծերը: Թվով 23 փողոցներում ավելի քան 5,2 կմ երկարությամբ նոր կոյուղագծեր են կառուցվել»,-ընդգծել է Կամո Արեյանը: Ծրագրի երկրորդ բաղադրիչով վերակառուցվում և [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/14/72872/]արդիականացվում է Աէրացիայի կեղտաջրերի մաքրման կայանը[/url]: Քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել է շինարարության ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ ավարտին են մոտենում ընդունիչ կայանի և առանձին ենթակայանի կառուցման աշխատանքները: Համաձայն նախագծի՝ Աէրացիայի կեղտաջրերի մաքրման կայանը կունենա կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար անհրաժեշտ, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Հետագայում նախատեսվում է ներդրումային միջոցների ներգրավմամբ իրագործել նաև կեղտաջրերի կենսաբանական մաքրման ծրագիրը: Առաջնահերթ կարևորելով որակի ապահովումը՝ պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված չափորոշիչների, ինչպես նաև՝ ժամկետների պահպանմանը: Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի աշխատանքները լինելու են շարունակական: Ծրագրի երրորդ բաղադրիչով այժմ ընթանում են Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների հեռակառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Նշենք նաև, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման և հոսակորուստների կրճատման նպատակով մեկնարկել են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող վարկային ծրագրի աշխատանքները:

Նմանատիպ նյութեր