67569 դիտում
20:29 08-01-2016
Բացահայտվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում 70–ամյա տղամարդու դաժան սպանությունը. կատարողը եղել է գյուղի էլեկտրիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` բացահայտել են դեկտեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Նորամարգի գյուղապետը ոստիկանության Մասիսի բաժին տեղեկացրել էր, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք օգտվելով գյուղում 70-ամյա Վալերի Մուսայելյանի տան դռան բաց լինելու հանգամանքից, ներս են մտել տուն, որտեղ սուր կտրող –ծակող և բութ գործիքներով հարվածներ են հասցրել Վ. Մուսայելյանին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Նույն օրը փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննիչ Վահագ Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել են հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Թորգոմյանին: Վերջինս ճնշող փաստերի տակ խոստովանել է կատարած հանցագործությունը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տոնական օրերին Մասիսի ոստիկանները գյուղում զրուցել են 550-ից ավելի բնակիչների հետ, վերցրել նրանց բոլորի մատնահետքերը, քանի որ կասկածյալների շրջանակը բավականին մեծ էր: Ի վերջո, ոստիկաններին և քննիչներին հաջողվում է բացահայտել զարհուրելի հանցագործությունը, իսկ հետո դատաբժշիկն էլ հայտնել է, որ մահացածի մարմնի վրա կան 15-ից ավելի դանակի հետքեր:
Կասկածյալ մարդասպանը ոստիկաններին և քննիչներին արդեն հանցանքի վայրում ասում էր, թե որտեղ ու ինչ պայմաններում է կատարել իր սև գործը, որ դանակի բազմաթիվ հարվածներից հետո փայտե կոճղով հարվածել է մահացածի գլխին:
Հանցագործության բացահայտման ուղղությամբ աշխատանքները ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը, Մասիսի ոստիկանապետը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կասկածյալ Հովհաննես Թորգոմյան
[img]/ups/images/0198543001452271249127837.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+