2144 դիտում
09:59 19-01-2016
Բրյուսելում կայացավ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը
Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած` Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին հանգամանալից քննակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։
Բացելով նիստը` նախարար Նալբանդյանն ասաց. «2015թ.-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ և կառուցողական երկխոսության, երկկողմ հանդիպումների, տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների: Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի բանակցությունների նախորդ ամսվա մեկնարկը մեր հարաբերություններում նոր էջ է: Հավատացած ենք, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ»:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, և վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, մարդկային շփումների խթանումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:
Էդվարդ Նալբանդյանը կարևորեց նաև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից` կողմերի միջև ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իրենց ելույթներում տեղեկացրին կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2015թ. տնտեսության և դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Խորհրդին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը, շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանին, ԵՄ երկրներին` Ցեղասպանության հարցում նրանց սկզբունքային մոտեցման համար: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ և երախտագիտություն հայտնեց ԵՄ երկրներին` ՄԱԿ-ի ձևաչափերում հայկական նախաձեռնություններին սատարելու համար։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում և Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:
«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
Խորհրդի նիստի օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Բերտ Կունդերսի համատեղ մամլո ասուլիսը:
Նմանատիպ նյութեր
745 դիտում
20:25 20-01-2015
Բրյուսելում կայացավ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը
1000 դիտում
23:06 08-05-2024
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված