211652_close_icon
views-count2187 դիտում article-date 09:09 23-01-2016

Հայկական ապրանքը Ռուսաստան արտահանելու հարցում ոչ մի գործոն Էական չէ, բացի տվյալ երկրի իշխանությունների ցանկությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, Հայաստանի գործարար աշխարհում հույսեր առաջացան, որ այդ փոփոխությունը կարող է նպաստավոր լինել հայ արտադրողների համար։ Ենթադրվում էր, որ ստեղծված իրավիճակը առավել նպաստավոր կլինի հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար, առավել ևս, որ Հայաստանը մեկ տարուց ավել հանդիսանում Է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Սակայն երեկ տարածված լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական ապրանքը Ռուսաստան արտահանելու հարցում ոչ մի գործոն Էական չէ։ Միակ որոշիչ հանգամանքը տվյալ երկրի իշխանությունների ցանկությունն է, որը հայկական ապրանքների համար, որպես կանոն, այդքան էլ բարենպաստ չէ, չնայած մեր երկու երկրները դաշնակիցներ են համարվում, և նույնիսկ միևնույն միության անդամ ենք հանդիսանում։ Բանն այն է, որ երեկ հայտնի դարձավ որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, հունվարի 20-ից ժամանակավոր սահմանափակել է Հայաստանից գյուղմթերքների ներմուծումը ՌԴ։ Հայ արտադրողներին արգելվում է Ռուսաստան արտահանել կենդանիների միս և կաթնամթերք։ Ռուսական կողմը իր որոշումը պատճառաբանել է դաբաղ տեսակի հիվանդության հետ կապված Հայաստանում առկա «անկայուն» վիճակը։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Հայաստանի համար իրենք դաբաղի դեմ պատվաստանյութ են արտադրել։ Այլ կերպ ասած՝ որպեսզի հայկական ապրանքը կարողանան Ռուսաստանում վաճառել, մեր երկրի ֆերմերները պետք է սկսեն ռուսական պատվաստանյութ օգտագործել, այլ կերպ ասած՝ ռուսները անձնական ոչինչ չունեն հայկական ապրանքի դեմ, ուղղակի բիզնես է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր