211652_close_icon
views-count1332 դիտում article-date 08:55 26-01-2016

Թեհրանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ լինելու պատրաստակամությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական Թեհրանը բավական անսպասելիորեն հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ լինելու պատրաստակամությամբ: Այդ մասին հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին: Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «եթե ուշադրություն դարձնենք անցյալին», ապա Իրանը կրիտիկական ժամանակներում փորձել է կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները: Թե հատկապես ինչ ժամանակաշրջանի մասին է խոսում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ այնքան էլ պարզ չէ: Սակայն հստակ է, որ Իրանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ունեցել է առանձնահատուկ դեր: Ընդ որում, այդ դերը ըստ էության ավելի շատ եղել է բավական համեստորեն քողարկված, զուսպ, առանց ավելորդ աղմուկի, սակայն Իրանը էական դերակատարում է ունեցել հակամարտության թե պատերազմական շրջանում, թե դրանից հետո կարգավորման գործընթացում: Ներկայումս, երբ տեղի է ունենում Իրանի տնտեսա-քաղաքական ապաշրջափակման գործընթաց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հայտարարությունը ըստ էության վկայում է Թեհրանի բավական ակտիվ տրամադրվածության մասին: Ընդ որում, ոչ միայն ղարաբաղյան հարցում, այլև տարածաշրջանային զարգացումներում ընդհանրապես, քանի որ ղարաբաղյան հարցը, որպես այդպիսին, տարածաշրջանային լայն խնդիր է, ոչ թե լոկալ հակամարտություն: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը, իհարկե՝ հարկավոր է հասկանալ, թե Իրանի այդ հայտին ինչպես կվերաբերեն հակամարտության կարգավորման ներկայիս միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը: Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման գործընթացով Իրանի համար նվազում է Ռուսաստանի դերը, և Թեհրանն ըստ էության դառնում է Մոսկվայի մրցակից: Եվ այս մրցակցության առանցքային հարթություններից մեկն, իհարկե, Կովկասն է: Մեծ հաշվով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Իրանի հայտարարությունը հայտարարություն է Կովկասում ակտիվ խաղացող դառնալու մտադրության մասին, որում, իհարկե, Թեհրանը սահմանում է իր առաջնահերթությունը՝ կայունություն և անվտանգություն: Եվ եթե դատելու լինենք այն իրողությունից, որ ներկայումս Կովկասում ակտիվ են այն խաղացողները, որոնց քաղաքականությունը միտված էր ապակայունացման եւ պատերազմի շանտաժներին ու սպառնալիքներին, դրանցով հարցեր լուծելուն՝ խոսքը, մասնավորապես, Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի մասին է, ապա Իրանի ակտիվության հայտը միանշանակ ողջունելի է, և այստեղ իհարկե՝ ոչ ընթացիկ քաղաքականության, սակայն հեռանկարների առումով ակնհայտորեն ուրվագծվում է Թեհրան-Թբիլիսի-Երևան եռյակը, որոնց համար հարցեր լուծելու միջոցը ոչ թե պատերազմն է կամ դրա շանտաժը, այլ խաղաղությունն ու կայունությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր