211652_close_icon
views-count2792 դիտում article-date 11:58 27-01-2016

Հայը տոկունն է, դիմացկունն է, ապրելու մեծ ջիղ ունեցողը. այսօր Մեծ հայի՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: 1967-1986 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը: Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով: Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Արժանացել է ՀԼԿԵՄ, ՀԽՍՀ պետական մրցանակների, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, Արամ Խաչատրյանի անվան մրցանակի, պարգևատրվել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով, ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է, ստացել է ՀՀ պետական մրցանակ և պարգևատրվել Պատվո շքանշանով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է մեծանուն հային, սիրված մտավորականին՝ ծննդյան օրվա առթիվ և մաղթում նրան երկար տարիների կյանք, ինչպես նրա բազմաթիվ ու մնայուն ստեղծագործություններն են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր