211652_close_icon
views-count30217 դիտում article-date 13:31 07-02-2016

Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչները ահաբեկված են. անասնագողերը շարունակում են իրենց հաղթարշավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 7-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Թռչնաբուծական ավանի բնակչուհի, 53-ամյա Սուսաննա Հարությունյանը հայտնաբերել է, որ գոմի դռան վրայից անհետացել է կողպեքը: Դուռը բացելուց հետո տեսել է, որ իրենց պատկանող 1 ցլիկն ու 1 հղի կովը չկա: Ամուսնու` 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի հետ հարևաններով սկսել են ման գալ ու գոմից մոտ 800 մետր հեռավորության վրա` քարքարոտ տարածքում, հայտնաբերել են գողացված կովերի մորթին և անգամ հղի կովի փորի միջից հանած սատկած ձագին: Այս պահին գյուղ է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Քրտինքով ապրող մարդիկ ենք, էդ կովերով էինք մեր գոյությունը պահպանում: 2 տղերքս Ռուսաստանի Դաշնությունում են, հարսներիս ու թոռներիս դրանցով էինք պահում, էն էլ` չարագործները տարան: Հույս էլ չունենք, որ կբացահայտվի: Անցյալ տարվա նոյեմբերի 25-ին էլ տարան մեր հարևանի` 50-ամյա Նորիկ Գրիգորյանի և 45-ամյա Լիդա Գրիգորյանի 2 հղի կովերը: Ոստիկանությունն եկավ, թղթաբանությունն արեց ու մինչև հիմա չեն բռնել գողերին: Եթե էն ժամանակվա գողերին բռնեին, էսօրվանը տեղի չէր ունենա: Քննիչը հիմա էլ ասումա` շուն պահեք: Նորիկենք էլ հո 3 հատ շուն ունեին, բայց դե` գողը տարավ: Հիմա ողջ գյուղը սարսափի մեջ է: Եթե չբռնեն գողերին, մյուսների կովերնել էլ են տանելու: Ճիշտ է` որ գողին կամ գողերին բռնեն` մեր կովերը հետ չի գա, բայց գոնե մյուս գյուղացիները վստահ կլինեն, որ հերթը իրենց կովերին չի հասնի: Չգիտենք, մեր հույսը Աստված է»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր