211652_close_icon
views-count1942 դիտում article-date 19:18 16-02-2016

Արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքները լինելու են նախարարության վերահսկողության ներքո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի կարատեի ֆեդերացիա կատարած այցի ժամանակ խոսել է արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքների նկատմամբ նախարարության կողմից վերահսկողության ուժեղացման և այդ ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նախարարը Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկել է կարատե մարզաձևի առանձնահատկությունների, ճշգրիտ տեղեկատվության տարածման միջոցով երեխաներին ճիշտ ուղղորդելու և նրանց մարզումները մասնագիտորեն ու արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հարցեր: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը նախարարին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել միջազգային մրցասպարեզներում ֆեդերացիան ներկայացնող մարզիկների ձեռքբերումների մասին: Ֆեդերացիայի մարզասրահում մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Այցի ավարտին նախարար Ղազարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և նրանց տեղեկացրել նախարարության նախաձեռնած նոր գործընթացի մասին, որով արևելյան մարտարվեստների ֆեդերացիաները բերվելու են իրավական դաշտ՝ դառնալով առավել վերահսկելի: «Մոդայիկ է դարձել օտարահունչ անվանումով մարզաձևերի ֆեդերացիաների հիմնումը և դրանց խմբակների գործունեությունը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում: Այդ ամենը մտահոգիչ տարրեր է պարունակում: Մեր նախարարության մասնագետները մանրամասն ուսումնասիրել են ոլորտը, որի հիման վրա էլ կառուցվել է նախարարության ռազմավարությունը արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների հետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, նշված ֆեդերացիաների հետ աշխատանքները կդարձնի առավել համակարգված և կառավարելի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր