1234 դիտում
12:01 22-02-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել Սերգեյ Սարկիսովին
Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները:
Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ եկեղեցական անդաստանն ավելի է պայծառանում շնորհիվ եկեղեցականների ու աշխարհականների համատեղ գործակցության: Անդրադառնալով մեծարյալին` Տեր Վահրամն ասաց, որ տիար Ս. Սարկիսովը` իբրև ազգի և Եկեղեցու նվիրյալ զավակ, ունկնդիր աստվածային հրավերին, մշտապես ազգաշեն իր գործերով զորակցություն է բերել հայոց կյաքին և մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու զորացման աստվածահաճո գործին:
Ազգային բարերարի հավատավոր նկարագրի և ազգային կյանքի տեսլականի մասին վկայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը` ներկայացնելով նաև մեծարյալի անցած ուղին ու տարբեր ոլորտներում վերջինիս կողմից իրականացված հայանպաստ ընդարձակ գործունեությունը:
Այնուհետև «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը:
Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, մասնավորաբար ասված է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապես և տեղյակ ենք Ձեր ազգանվեր և եկեղեցաշեն բազմարդյուն վաստակին: Դիվանագիտական գործունեությամբ Դուք կարևոր ջանքեր եք ներդնում ի խնդիր մեր երկրի զորացման ու առաջընթացի, նաև ազնիվ բարերարություններով սատարում հայրենաշեն տարբեր ծրագրերի իրականացմանը` նախանձախնդիր լինելով, որպեսզի առավել բարօր ու բարգավաճ լինի մեր ժողովրդի զավակների կյանքը Հայաստանում և Արցախում:
Գոհունակություն է Հայրապետիս համար, որ եկեղեցասեր ոգով ու սրտաբուխ ընծայաբերումով Դուք կարևոր ներդրում բերեցիք նաև Վրաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության աստվածահաճո գործին: Փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ Տիրոջ օրհնությամբ և հավատավոր Մեր զավակների օժանդակությամբ բարեզարդվեց պատմական սրբավայրը, որ դարեր շարունակ իր օրհնաբեր հարկի ներքո է միավորում վիրահայ բարեպաշտ մեր ժողովրդին:
…Ի խորոց սրտի աղոթքով Բարձրյալն Աստուծո շնորհներն ու օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում, որ Ամենախնամ Տերը պարգևի Ձեզ քաջառողջ արևշատություն և աստվածահաճո գործերի նորանոր հաջողություններ»:
Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:
Իր հերթին տիար Սերգեյ Սարկիսովը բարձրագույն պատվի արժանանալու համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը: Նա մասնավորապես կարևորեց Հայ Եկեղեցու առաքելությունն աշխարհասփյուռ հայության կյանքում ազգային ինքնության պահպանության գործում:
Վերջում հիշարժան օրվա առիթով իր գնահատանքի ու օրհնության խոսքը մեծարյալին ու ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ ազգային կյանքում իրականացրած օգտաշատ ծառայությունների դիմաց, ընդառաջ Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհվեց հայ ազգի ու Հայ Եկեղեցու նվիրյալ զավակ Ս. Սարկիսովին:
Հայոց Հայրապետը գոհություն հայտնեց Երկնավորին, որ հայ ժողովրդին պարգևում է ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց աշխատանքի արդար վաստակից մաս և բաժին են հանում ազգի և Հայ Եկեղեցու շենացման ու պայածառացման օրհնյալ գործին: Խոսելով Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման կարևոր նախաձեռնության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիարք Ռուբեն Վարդանյանին և Սերգեյ Սարկիսովին իրենց նախանձախնդիր ոգու համար:
Պարգևաբաշխությունն ավարտվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով:
Նմանատիպ նյութեր
5009 դիտում
20:08 16-03-2018
Ամենայն Հայոց կաթողիկոսը Կիեւում պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով
2553 դիտում
20:04 27-03-2017
ԱՀ Նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Համբարձումյանին
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված