211652_close_icon
views-count1996 դիտում article-date 15:57 04-03-2016

Սերգո Կարապետյանն այցելել է CARD հիմնադրամ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է CARD հիմնադրամ: Տնօրեն Գագիկ Սարդարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հիմնադրամում, ծանոթացել բաժինների ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր, որը միտված է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` սննդամթերքի անվտանգությանը և գյուղական համայնքների համաչափ զարգացմանն աջակցելու նպատակով: «CARD հիմնադրամը, որն արդեն երկար տարիներ մեր երկրում գործունեություն է ծավալում, իսկապես զգալի աշխատանք է իրականացնում գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք մեր ամենակարևոր գործընկերներից եք, և կարծում եմ, այս բնագավառում հանդիսանում եք պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակը: Ես վստահ եմ, որ համագործակցության այս արդյունավետ փորձը, որն այսօր ամրագրեցինք նաև հուշագրի ստորագրությամբ, տարեցտարի կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը: Նախարարը հավելել է նաև, որ արդեն իսկ քննարկվում են նոր լայնածավալ ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես անասնապահության ոլորտում` ուղղված կենդանիների մթերատվության բարձրացմանը, ինչպես նաև խորհրդատվական համակարգի զարգացման բնագավառում: Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը իր հերթին բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնել նախարարին այցելության, ինչպես նաև աշխատանքի ընթացքում մշտապես ցուցաբերվող մեծ օժանդակության և աջակցության համար: Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև կառավարման խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում բրուցելոզի վերահսկողությանը և կանխարգելմանը, ջերմոցային տնտեսությունների և խորհրդատվական համակարգի կատարելագործմանը, արհեստական սերմնավորմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության նոր հնարավորությունների և հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախարարն այցելել է CARD-ի գրասենյակին կից գործող “GREEN DAY” մասնագիտացված օրգանական խանութ: Այն գործում է 2011 թվականի փետրվարից, այստեղ վաճառվում են հայկական, գերմանական, ավստրիական և ֆրանսիական արտադրության «բիո» մակնշմամբ ապրանքներ:

Նմանատիպ նյութեր