211652_close_icon
views-count3489 դիտում article-date 22:57 12-03-2016

«Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դժվար պայմաններում աշխատելու համար։ Սակայն, դրա փոխարեն, շուտով բարձր հագեցվածությամբ կենտրոնում եք աշխատելու». Արմեն Մուրադյանը

«Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դժվար պայմաններում աշխատելու համար։ Սակայն, դրա փոխարեն, շուտով բարձր հագեցվածությամբ կենտրոնում եք աշխատելու»,-ասաց Արմեն Մուրադյանը «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» առաջատար մասնագետների հետ հանդիպման ժամանակ։ Նշելով, որ կենտրոնը հագեցած կլինի ամենավերջին սերնդի սարքավորումներով` նախարարը խիստ կարևորեց նաև մասնագետների բարձր պատրաստվածությունը և արդյունավետ կառավարումը։ Նա նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը իրենց առաջատար կլինիկաներում մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացնելով մասնագետներին` նշեց, որ բոլորը վերապատրաստումներ են անցել Չեխիայի, Գերմանիայի, Իռլանդիայի և Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներում։ Միաժամանակ լրացուցիչ վերապատրաստումների կազմակերպման նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ի դեպ, ծրագրի շրջանակում 6 մասնագետ առաջիկայում մեկամսյա վերապատրաստում կանցնի Գերմանիայի Դաշնությունում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ արդիականացված կենտրոնի մեկնարն ավելի լավ ապահովելու համար կարելի է լրացուցիչ վերապատրաստումներ կազմակերպել։ Նա կարևորեց նաև միջին բուժանձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության ապահովումը և հանձնարարեց այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել։ Ծանոթանալով ներկաներից յուրաքանչյուրին ու նրանց անցած վերապատրաստումներին` նախարարն իր գոհունակությունը հայտնեց փոխպատվաստման թիմից և նրանց հետ քննարկեց կենտրոնի գործարկմանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Նա հանձնարարեց առավել մանրամասն ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ, մինչ կենտրոնի շահագործումը, ներկայացնեն կենտրոնի արդյունավետ կառավարման իրենց պատկերացումները` հիվանդի ընդունումից սկսած մինչև բուժումը։ «Հանրապետության Նախագահի ծրագրով և առաջին տիկնոջ մեծ ուշադրության պայմաններում արդիականացվող կլինիկան հրաշալի հարթակ կդառնա ձեր նվիրվածությամբ երկրի առողջապահական համակարգի համբավը բարձրացնելու համար»,-ասաց նախարարը` կենտրոնի ղեկավարներին ու բժիշկներին հորդորելով ամրապնդել և մշտական դարձնել կապերն իրենց վերապատրաստած մասնագետների հետ։

Նմանատիպ նյութեր