211652_close_icon
views-count2894 դիտում article-date 10:37 18-03-2016

Բրյուսելում և ԱՄՆ-ում ի՞նչ են ասելու Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանի բրյուսելյան այցի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում Եվրամիությունում մի նշանակալի որոշումից մի քանի օր անց: Մի քանի օր առաջ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանության արժանացրին հինգ սկզբունքները, որոնցով Եվրամիությունը պետք է հարաբերվի Ռուսաստանի հետ: Դրանք ըստ էության արձանագրեցին, որ Եվրամիությունը ամրագրում է ՌԴ հանդեպ կոշտ քաղաքականությունը՝ որևէ փոփոխություն պայմանավորելով Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմամբ, ինչը գործնականում դժվար է պատկերացնել Ռուսաստանի կատարմամբ, ՌԴ հետ որևէ հարաբերություն պայմանավորելով ԵՄ շահերով, ինչը նշանակում է, որ ԵՄ առանձին անդամները ստիպված են լինելու ՌԴ հետ իրենց հարաբերությունները կառուցել Եվրամիության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Միաժամանակ ԵՄ արտգործնախարարները որոշում են կայացրել ակտիվացնել կապերը Արևելյան գործընկերության երկրների հետ և մեծացնել աջակցությունը ՌԴ քաղաքացիական հասարակությանը: Ըստ էության, հինգ սկզբունքները որոշակիորեն եվրոպական քաղաքականության նոր մեկնակետ են, և Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցում է այդ մեկնակետի սահմանումից մի քանի օր անց: Եվ այս առումով, բնականաբար, հետաքրքրական հարց է առաջանում, թե արդյոք դա որևէ ազդեցություն կունենա՞ այցի բովանդակության վրա: Ինքնին հասկանալի է, որ խոսքը հրապարակային բովանդակության մասին չէ, այլ կուլիսային հանդիպումների ու զրույցների, շփումների, որ Սերժ Սարգսյանը անկասկած կունենա Եվրամիության քաղաքական ղեկավարության կամ դրա ներկայացուցիչների հետ: Այն, որ Հայաստանը այստեղ որևէ նոր ասելիք չունի, դա երևի թե կասկածից վեր է: Հարցն այն է, թե նոր մեկնակետ սահմանած Եվրամիությունն ի՞նչ նոր ասելիք կարող է ունենալ Հայաստանին: Առավել ևս, որ Բրյուսելից վերադառնալուց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ ևս անկասկած սպասվում են կարևոր շփումներ, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլև ըստ էության առանց չափազանցության անվտանգության միջազգային համակարգի համար շատ կարևոր մի թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման մեխանիզմների, այդ ուղղությամբ միջազգային մոնիտորինգի համակարգ ձևավորելու ամերիկյան նախաձեռնության շուրջ: Սա ենթադրում է հարցերի և քաղաքականության համալիր դիտարկումներ, քանի որ անկասկած է միջազգային անվտանգության համակարգի ուղղությամբ ամերիկա-եվրոպական գործակցությունը: Մասնավորապես, Ղարաբաղյան հրադադարի պահպանման մեխանիզմների վերաբերյալ իրենց առաջարկի հարցում Նահանգները բավական ակտիվորեն դաշնակիցներ էր փնտրում հենց եվրոպական առաջատարների շրջանում, և Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այդ հարցով քննարկումների համար մի քանի շաբաթ առաջ մեկնել էր և Լոնդոն, և Բեռլին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր