211652_close_icon
views-count2941 դիտում article-date 21:30 20-03-2016

Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից` մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Նշենք, որ 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 15 դեպք, 26 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: 2016 թվականին գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք, 10 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերում և Երևանում: Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով: Հաշվի առնելով, որ գարնանը բնակչությունը շարունակում է սննդում օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջւապահության նախարարությունը զգուշացնում է. • խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, • մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Նմանատիպ նյութեր