2072 դիտում
21:50 23-03-2016
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստ՝ նվիրված անվանի ֆիզիկոս, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանի 80-ամյակին
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի է ունեցել գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ նվիրված անվանի ֆիզիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանի 80-ամյակին: Հայաստանի անկախ հանրապետության բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարարի, ֆիզիկոս-տեսաբանի, ԵՊՀ երկարամյա դասախոսի մեծարմանը նվիրված հանդիսավոր նիստին ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ պրոֆեսորի այրին և դուստրերը՝ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը:
Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը, ողջունելով նիստի մասնակիցներին՝ նշել է, որ Վիլիկ Հարությունյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն Մայր բուհի ֆիզիկայի ֆակուլտետի, այլև ամբողջ ոլորտի զարգացման գործում: "Վիլիկ Հարությունյանը 20-րդ դարի համաշխարհային ճանաչում ունեցող հայ ականավոր գիտնական էր, մանկավարժ, կրթության և գիտության համակարգի հմուտ ղեկավար",- նշել է ֆակուլտետի դեկանը:
Այնուհետև ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Ատոմ Մուրադյանը ներկայացրել է պրոֆեսորի կենսագրությունը՝ սկսած նրա Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ուսանելու տարիներից մինչև քվանտային և լազերային ֆիզիկայի ոլորտում արձանագրած գիտական նվաճումները, Կոնդեսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի, ապա նաև "Լազերային տեխնիկա" ՊՓԲԸ տնօրենի գործունությունը: Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Վիլիկ Հարությունյանը ծավալել է նաև հասարակական-քաղաքական գործունեություն:
Նա եղել է նորանկախ հանրապետության բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարարը: Նրան է վերագրվում Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադրման նախաձեռնությունը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր խոսքում շեշտել է, որ Վիլիկ Հարությունյանը հայ գիտական մտքի երախտավորներից է. "Պրոֆեսոր Հարությունյանը գիտության իսկական նվիրյալ էր, ով խիզախորեն ու վստահ քայլերով առաջ էր գնում՝ ստեղծելով հզոր ու մնայուն գիտական ժառանգություն",- ընդգծել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Վիլիկ Հարությունյանը հաջողությամբ համատեղել է գիտական, կազմակերպչական և հասարակական գործունեությունը մանկավարժական գործունեության հետ: 1960 թվականից դասախոսելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում` նա պատրաստել է գիտության 25 թեկնածու և 7 դոկտոր, ինչպես նաև հարյուրավոր երիտասարդ, տաղանդավոր մասնագետներ, որոնցից շատերն այսօր հաջողությամբ աշխատում են աշխարհի առաջատար համալսարաններում` բարձր պահելով Հայաստանի գիտնականների վարկանիշը: Պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանը կյանքից հեռացել է 64 տարեկան հասակում՝ թողնելով գիտական տեսական և գործնական հսկայածավալ ժառանգություն:
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև անվանի գիտնականի գործընկերները:
Նմանատիպ նյութեր
1750 դիտում
17:23 23-09-2019
ԵՊՀ գիտական խորհրդի պահանջով հրավիրվել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ
1933 դիտում
08:31 24-10-2015
ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում հերքել են, թե դեմ են Սահմանադրական փոփոխություններին. «Ժամանակ»
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»