211652_close_icon
views-count2863 դիտում article-date 11:18 06-04-2016

Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումներին նվիրված ԵԱՀԿ Մշտական Խորհրդի hատուկ նիստին

Ապրիլի 5-ին գումարվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գերմանական նախագահությանը ՄԽ հատուկ նիստը հրավիրելու համար և երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին, որոնք ցավակցություն հայտնեցին ռազմական առճակատման ընթացքում զոհվածների ընտանիքներին: Արման Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ լայնածավալ ռազմական գործողությունները որևէ օգուտ չեն կարող բերել տարածաշրջանի ժողովուրդներին: ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ ագրեսիայի ընթացքը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցվող ուժի կիրառման սպառնալիքներն իրականություն դարձան: Ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները դարձան հրետանու, տանկերի և օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ: Ադրբեջանական կողմն օգտագործեց «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային կայանքներ, «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ, 152 մմ. տրամաչափի ծանր հրետանի և տարբեր տրամաչափի ականանետներ: Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ վճռական հարված հասցնելու ու ռազմական հաղթանակ տանելու Ադրբեջանի փորձը ձախողվել է ԼՂ ՊԲ ստորաբաժանումների կողմից, և Ադրբեջանը կորցրել է զգալի քանակով տանկեր, զրահամեքենաներ, մի շարք հարվածային և այլ նշանակության անօդաչու թռչող սարքեր, երկու հարվածային ուղղաթիռ ու հարյուրավոր զինվորներ՝ ծանր գին վճարելով իր ռազմական արկածախնդրության համար: Դեսպան Կիրակոսյանը նաև տեղեկացրեց ԼՂ ՊԲ կորուստների մասին՝ 20 զոհված, 26 անհայտ կորած և 72 վիրավոր: Նշվեց, որ սպանվել են մի շարք քաղաքացիական անձիք, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու Խալափյանների ընտանիքի երեք տարեց անդամները: Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը նպատակ էր հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը երկրում մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերից, զսպել հասարակության դժգոհությունը նավթի գների անկմամբ ու գնաճով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներից ու խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ փորձելով առավելություններ ձեռք բերել սադրանքների և ուժի կիրառման միջոցով: Հայաստանի դեսպանը նշեց, որ վերջին առճակատումն առանձնանում է նախորդ սրացումներից տարածքի զավթման փորձերով և քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությամբ, ինչը միտված է ահաբեկելու ԼՂ ժողովրդին: Լեռնային Ղարաբաղում դպրոցի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է երեխաների սպանության և վիրավորման, ու ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից Թալիշ գյուղում իրականացված տարեցների դաժան սպանությունը որակվեցին որպես պատերազմական հանցագործություններ: Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ քաղաքացիական անձանց այդ կոտորածը հիշեցնում է ԼՂ հակամարտության սկզբնական փուլում Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ ու այլ քաղաքներում հարյուրավոր հայերի ջարդերը: Հայկական կողմը փաստեց, որ Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի ձեռագիրը՝ իրականացնելով խաղաղ բնակչության առանձնակի դաժանությամբ սպանություններ միջոցով իրենց մարտական ոգին բարձրացնելու համար: Ադրբեջանն անգամ չի փորձում թաքցնել սահմանամերձ բնակավայրերի, հատկապես, Մարտակերտ քաղաքի հրետակոծությունն ու անգամ սպառնում է թիրախ դարձնել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ վերոհիշյալ պատերազմական հանցագործություններն ակնհայտ են դարձնում, թե ինչ կպատահի ԼՂ բնակչության հետ, եթե Ադրբեջանի զինված ուժերը կարողանային հաղթանակի հասնել: «Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք և Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտանգության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ», - շեշտել է ՀՀ ներկայացուցիչը: Դեսպան Կիրակոսյանը դրական գնահատեց միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես շեշտեց, որ ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին: Նա կարևորեց Ադրբեջանին պատասխանատվության կանչելը՝ հրադադարի ռեժիմը խաթարելու ու դրանով իսկ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար: Հայկական կողմը փաստեց, որ բազմիցս բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների խնդիրը ԵԱՀԿ հարթակում: Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մինչդեռ Ադրբեջանը մերժել է միջազգային միջնորդների բոլոր առաջարկությունները՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Մինչ Հայաստանը կոչ էր անում ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի կարողությունները, Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր սահմանափակել նրա մշտական ներկայությունը հակամարտության գոտում: Դրա պատճառը ներկայումս առավել քան ակնհայտ է. Ադրբեջանի ջանքերը միտված էին միջազգային հանրության սահմանափակմանը և դրանով իսկ պայմանների ստեղծմանը ԼՂ ժողովրդի դեմ նոր ռազմական ագրեսիայի հրահրման նպատակով: Արման Կիրակոսյանը շեշտեց, որ նույն տրամաբանությունից ելնելով, Ադրբեջանը մերժեց ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման բոլոր առաջարկները, որոնք առաջ էին քաշվել Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ամենաբարձր մակարկակով Ադրբեջանը փորձեց վարկաբեկել բանակցային գործընթացն ու դրա համաձայնեցված ձևաչափը, իսկ ներկա տարվա սկզբին հրաժարվեց ընդունել համանախագահներին: Դեսպանն անդրադարձավ Թուրքիայի բացասական դերակատարությանը՝ նշելով, որ հայերի հանդեպ իր թշնամական վերաբերմունքով հայտնի այդ երկիրը սատարում է Ադրբեջանին: Թուրքական բարձր մակարդակի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները վերջին ռազմական առճակատման նախօրեին և ընթացքում ու հետևողական աջակցությունն Ադրբեջանի զինված ուժերին իրենցից ներկայացնում են հայ ժողովրդի դեմ նոր հանցանքների բացահայտ խրախուսում: Իր հայտարարության վերջում Հայաստանի դեսպանը ներկայացրեց Երևանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպմանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայկական կողմի դիրքորոշումը առճակատման հանգուցալուծման վերաբերյալ. Առաջին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված 1994թ. եռակողմ զինադադարի պայմանագիրը պետք է խստորեն պահպանվի, պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները և հայկական ու ադրբեջանական զորամիավորումները պետք է վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Երկրորդ, անհրաժեշտ է շտապ ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունները պետք է զգալիորեն ընդլայնվեն, այդ թվում՝ դաշտային օգնականների քանակի ավելացման միջոցով: Երրորդ, ԼՂ իշխանությունը հանդիսանում է 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրող կողմ, ուստի հակամարտող բոլոր կողմերը պետք է վերականգնեն ուղիղ շփումները ԼՂ հետ:

Նմանատիպ նյութեր