211652_close_icon
views-count5806 դիտում article-date 15:12 12-01-2018

ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն. Արման Կիրակոսյանի ելույթը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին

Հունվարի 11-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ` Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը: Այս տեսակետից արժևորվեց իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը: Դեսպան Կիրակոսյանը նշեց նաև, որ Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Առանձնահատուկ շեշտադրվեց շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվեց դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը՝ ի կատարումն ԵԱՀԿ նախկին նախագահությունների և Մինսկի խմբի համանախագահների կոչերի: Անդրադառնալով Երևանյան գրասենյակի փակումից հետո ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի իրականացումը և դրա ուղղությամբ իտալական նախագահության աջակցությունը:

Նմանատիպ նյութեր