211652_close_icon
views-count2555 դիտում article-date 22:37 09-04-2016

Ծառատունկ` Բուսաբանական այգու այրված տարածքներում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին, ձևավորված ավանդույթի համաձայն, մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Այս անգամ նոր տնկիներով է համալրվել նաև մայրաքաղաքի կարևորագույն կանաչ գոտիներից մեկը՝ Բուսաբանական այգին, որի մի մասը նախորդ տարվա ամառային սաստիկ շոգերի պատճառով վնասվել էր հրդեհից: Որպես ծրագրային առաջնահերթություն կարևորելով մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել և տարվում: «Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը համաքաղաքային ծառատունկերին: Ի նշան բարեկամության՝ հերթական ծառուղին ստեղծվեց նաև Բուսաբանական այգում: Օգտվելով առիթից` իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ հերթական անգամ մեր կոչին արձագանքելու և մեր կողքին լինելու համար, ինչպես նաև բոլոր մեր այն համաքաղաքացիներին ու հասարակական տարբեր կազմակերպություններին, որոնք սիրով միացել են այսօր մայրաքաղաքում հայտարարված ծառատունկին և շաբաթօրյակին: Իսկապես ողջունելի և ուրախալի է, որ բոլորն են սիրում մայրաքաղաքը, ինչի ապացույցն է նաև յուրաքանչյուր տարի ավելացող այս մասնակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը: ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին նշել են, որ յուրաքանչյուր տարի մեծ սիրով են մասնակցում Երևանում հայտարարված ծառատունկին: Նրանք նաև նկատել են, որ այս նախաձեռնությունն ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով, ինչը հնարավորություն է նաև իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտելու Երևանի հանդեպ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր