211652_close_icon
views-count3947 դիտում article-date 22:47 15-04-2016

Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Ապրիլի 15-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթանակով մեկնարկեց՝ 1/8 եզրափակչում 6:4 հաշվով առավելության հասնելով իտալացի մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մնացականյանը դիտարժան գոտեմարտում տուշեով հաղթեց թուրք Սուլեյման Աթլիին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5:3 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրուիանին և դուրս եկավ եզրափակիչ: 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին: Քառորդ եզրափակչում հայ մարզիկն ուժեղ էր ռումինացի Գեորգ Բուչուրից (9:0): Սակայն Սաֆարյանին չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, որտեղ նա 2:7 հաշվով պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոգամեդմուրադ Գաջիևին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար: Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի մրցակցին, սակայն 1/8 եզրափակչում 0:5 հաշվով զիջեց բուլղարացի Ալեքսանդր Կոնստանդինովին և լքեց պայքարը: Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

Նմանատիպ նյութեր