211652_close_icon
views-count5546 դիտում article-date 11:58 16-04-2016

Հակառակորդը դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը: Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Ղարաբաղյան ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր