211652_close_icon
views-count6332 դիտում article-date 11:52 18-04-2016

Հակառակորդը դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ): Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը: Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը:

Նմանատիպ նյութեր