211652_close_icon
views-count1282 դիտում article-date 20:36 18-04-2016

Ակնհայտ սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ. քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Պավել Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչին: Պավել Շ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը հարցաքննության արձանագրության մեջ ներառել է տվյալներ, որոնք ինքը իրականում չի հայտնել: Բացի այդ, հիշյալ արձանագրության մեջ ներառված ձեռագիր գրառումներն իրեն չեն պատկանում: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Պավել Շ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Ըստ փորձագետի եզրակացության՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կազմված Պավել Շ.-ի հարցաքննության արձանագրությունում ձեռագիր գրառումները կատարվել են Պավել Շ.-ի կողմից: Այսինքն՝ Պավել Շ.-ն, գիտակցելով իր կողմից տրված հաղորդման կեղծ լինելը, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է քննիչին: Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Պավել Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Ի գիտություն քաղաքացիների[/b] Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքները, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գործող քրեական օրենսդրության համաձայն` հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության փաստով հարուցվել և քննվել է 8, իսկ 2015թ.-ին` 17 քրեական գործ: 2014-2015թթ. քննված քրեական գործերով սուտ մատնություն կատարած մեղավոր անձինք դատապարտվել են: 2016 թվականի ապրիլի 18-ի դրությամբ` սուտ մատնության փաստով հարուցվել և քննվում են արդեն 17 քրեական գործեր, որոնցից 5-ի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր