211652_close_icon
views-count1968 դիտում article-date 22:23 21-04-2016

«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» արդեն կայացած կառույց է. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի նախագահ, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Ա. Հարությունյանը ողջունել է նիստին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից ժամանած պատվավոր հյուրերին և բարձր գնահատել ուսումնարանի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նրանց ավանդը : Նա ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հոգաբարձուների խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ընդհանուր քարտուղար Հարություն Գևորգյանին և Ֆրանսիայի Լուար դեպարտամենտի շինարարական ֆեդերացիայի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Մարիո Լորենզեին: Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը հանդես է եկել 2015-2016թթ. ուսումնական տարվա առաջին երկու եռամսյակի վերաբերյալ հաշվետվությամբ, որն առնչվում էր ուսուցման կազմակերպմանը, անձնակազմի ղեկավարմանն ու անշարժ գույքի և սարքավորումների կառավարմանը: Ըստ զեկուցողի՝ հաշվետու ժամանակաշրջանում շինարարական կազմակերպությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում աշկերտների մի մասը ներգրավվել են շինարարական աշխատանքներում: Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս, հոգաբարձուների խորհրդի նախագահը կարևորել է սաների ընդգրկումը նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների նորոգման աշխատանքներում: Նիստին ներկայացվել է նաև ուսումնարանի ֆինանսական հաշվետվությունը: Ուսումնական տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում հիմնադրամը ֆինանսավորվել է երկու աղբյուրից՝ պետական բյուջեից(38 մլն 795 հազար դրամ) և ֆրանսիայի հայկական հիմնադրամից(83 մլն 366 հազար դրամ): Ըստ հաշվետվության՝ ավելի քան 122 մլն դրամը ծախսվել է նպատակային: Ըստ ուսումնարանի տնօրենի ներկայացման՝ առաջիկայում համալրվելու է կրթօջախի մասնագիտությունների ցանկը՝ մետաղամշակում և էլեկտրատեխնիկա մասնագիտություններով: Բացի դրանից, նախատեսվում է ներդնել նաև վերականգնվող էներգետիկայի և ռոբոտաշինության վերաբերյալ առարկաներ: Ամփոփելով հաշվետու ժամանակաշրջանում կրթօջախի գործունեությունը՝ վարչապետ Հարությունյանը ուսումնարանը կայացած կառույց է համարել: «Շատերը թերահավատությամբ էին նայում կրթօջախի հիմնադրման գաղափարին, սակայն այսօր ուսումնարանը կայացած կառույց է համարվում: Համոզված եմ, որ այն դառնալու է կադրերի իսկական դարբնոց, և կրթօջախի թողարկած մասնագետները մոտ ապագայում իրենց ավանդն են բերելու տնտեսության զարգացման գործին»,- ասել է վարչապետը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր