211652_close_icon
views-count1777 դիտում article-date 21:15 22-04-2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով Մհդ. Իսսամ Նայալին` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները` Հայաստանը Սիրիայի համար այս բարդ իրավիճակում ևս պատրաստ է անել ամեն ինչ մեր պետությունների կրթական համակարգերի միջև առկա համագործակցության ամրապնդման և զարգացման համար: Լևոն Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին` պատերազմական իրավիճակով պայմանավորված Սիրիայի ազգությամբ հայ բազմաթիվ քաղաքացիներ իրենց կրթությունը շարունակում են Հայաստանի ուսումնական հաստատություններում: Մենք պատրաստակամ ենք ընդունելու և աջակցելու կրթության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին, նույնիսկ այդ նպատակով պետության աջակցությամբ հատուկ ծրագրեր են մշակվել,-նշել է նախարար Լ.Մկրտչյանը: Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` Մհդ. Իսսամ Նայալին բարձր է գնահատել Հայաստանի գիտական մեծ ներուժը, ինչպես նաև համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սիրիայի կրթության և գիտության բնագավառում փոխգործակցության գործնական ծրագիրը, որը տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված ներկայում գտնվում է քննարկումների փուլում` ընդլայնման և զարգացման հեռանկարով: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Հանդիպման ընթացքում Մհդ. Իսսամ Նայալին ներկայացրել է նաև Սիրիայի ներկա իրավիճակի վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր