211652_close_icon
views-count43013 դիտում article-date 22:20 23-04-2016

«Նրան սպանեցի, որովհետև նա ինձ ժպտալով բարևեց: Հենց այդ վայրկյանին ես որոշեցի սպանել Գուրգենին ու կտրել նրա գլուխը․ Ռամիլ Սաֆարով»․ Նվիրում եմ Գուրգենին․ Արայ Զարգարեան

Bayrami․ (Onu ՓldՖrdՖm, ջՖnki məni gՖlՖmsəyib salamladı. Şuan da Gurgen’i ՓldՖrməyə və başını kesməyə qarar aldım). Səfərov Ramil Sahib oğluԱ Ալլա՞հն անիծեց, թե՞ Աստծո կողմից տրված շնորհը պակասեց, որ երբեմնի երիտասարդ քաղաքը ժամանակից շուտ կրի ծերության ճերմակ փշալարերը: Քաղաքի ոսկրացած մարմնից իրեն դուրս էր քերել որբ հոգին, իսկ մարմնի մնացորդները չէին դիմացել Ալլահի անեծքին: Փշալարերը կարմրեցին… Երկինքը բարկության արցունքներ էր թափում քաղաքի վրա: Թանձր մառախուղը քողարկում էր անցյալի չներված մեղքերը, որի համար էլ քաղաքում մնացած չորքոտանի կմախքներն ամեն օր իրենց լուսնահաչով մեղքերի թողություն էին խնդրում լուսնից: Շատ տարիներ են անցել, բայց վիրավոր շները դեռ շարունակում են իրենց ոռնոցով բեմ հրավիրել դերասանին, սակայն նրա սուրբ սիրտը չէր կարող մոռանալ անցյալը: Կապույտ մզկիթը հպարտ կեցվածքով հսկում էր քաղաքը: Մինարեթում կախաղան բարձրացրած մոլլայի կմախքը քամուց զրնգում էր: Անձրևը գնալով սաստկացավ: Ամայի ու քանդված փողոցներով անձրևաջուրը սլանում էր առաջ: Կեղտաջուրը քանդված տներից խլում, տանում էր այն ամենը, ինչը հարկավոր էր իրեն: Անհասկանալի էր, թե ինչ էր անելու վառված տիկնիկի գլուխը: Լքված բեմը լուսավորվեց: Նեմեսիսի անմահ անունը դաջեց իր սրտում ու դուրս եկավ: Մոցարտի հնչյունները մահացան. այդպես ավելի հեշտ էր տեսնել մահացածին: Քաղաքի միջով անցնում էր գորշ երկաթգիծը: Մառախուղն ու մթնշաղը փոխարինման կարիք ունեին: Փոխարինման ժամանակն էր, երբ երկաթգծի վրա նկատվեց քաղաքի կոլորիտին չհամընկնող մի կենդանի՝ մարդ: Այդ քայլող դիակը քառասուն տարեկան, ճմրթված կին էր, որի մեջքին կապած էր կարմիր գլխաշոր: Գլխաշորը բերնեբերան լցված էր ինչ-որ բանով: Նրա ծերացած ոտքերը երիտասարդական եռանդով էին հաղթահարում ցեխը: Մի պահ կանգ առավ, սպասեց կայծակի լույսին, որ կողմնորոշվի տեղանքում, հետո նույն եռանդով շարունակեց ճանապարհը: Մի քանի մետր առաջ շարժվեց ու կանգ առավ, ուշադիր նայեց գետնին, մեջքից իջեցրեց կարմիր փաթաթանն ու ծնկի եկավ: Երկինքն ավելի բարկացավ: Կինն արձակեց գլխի գլխաշորն ու դուրս հանեց կեղտոտ մազերը, որից փչող գարշահոտը, վայրկյան անգամ չկորցնելով, ցրվեց քաղաքով մեկ: Նրա ձեռքերը նման էին չորացած ճանկերի, իսկ եղունգները կեղտից քարացել էին: Սկսեց դանդաղ փորել փոսը: Կարմիր փաթաթանը լուռ դիտում էր կատարվող աշխատանքը: Կայծակը նորից լուսավորեց քաղաքը: Փոսում լցված ջրի մեջ տեսավ իր դեմքն ու զարմացավ. մազերը մի քանի րոպեների ընթացքում ամբողջությամբ ճերմակել էին: Մինչև կողոսկրերը խցկվեց փոսի մեջ ու սկսեց դուրս հանել ցեխաջուրը, բայց անկարող էր ավելի խորացնել փոսը, ուստի կանգ առավ, քրքրված գոգնոցի միջից հանեց մի մկրատ ու սկսեց կտրել մազերը: Կտրելու հետ մեկտեղ սկսեց անհասկանալի բառեր արտասանել: Այդ ոչ մարդկային ձայները նման էին ադրբեջաներեն բառերի: Այդ պահին չդիմացավ ու անձրևի կաթիլների հետ մեկտեղ սկսեց արտասվել: Ունայնության փոսը ծածկվեց կնոջ մազերով: Կարմիր փաթաթանը խոր շունչ քաշեց՝ աշխատանքն ավարտված էր: Բացվեց այդքան սպասված գլխաշորը: Գլխաշորի մեջ կնոջ մեկամյա տղայի դիակն էր՝ անտարբեր ու սփրթնած: Տեսնես կինը ի՞նչ էր մտածում այդ պահին. մի՞թե Աստված տեսնում է իրեն, թե՞ քնած է: Երևի քնած էր, քանի որ երկինքն ամպամած էր, իսկ ներքևից ոչինչ տեսանելի չէր: Դիակն ամբողջությամբ չոր էր, անձրևի կաթիլները խուսափում էին նրա հետ հանդիպումից: Տղայի կապույտ աչքերը չռված էին դեպի երկինք: Նրա աչքերը կուլ էին տվել ամբողջ աշխարհը, միայն մայրն էր դրսում մնացել, երևի դա էր ճակատագրի կողմից իրեն նվիրված միակ շնորհը: Չհամարձակվեց փակել տղայի աչքերը, այդպես գոնե երկնքից կհետևեր մորը: Գլխաշորով ամուր փաթաթեց դիակը. վախենում էր, որ սատանայական ձեռքերը կդիպչեն որդու անարատ մարմնին: Փաթաթելուց հետո երեխային դրեց հայրենի օրորոցի մեջ ու սև ագռավի հայացքով սկսեց նայել դիակին: Կնոջ աչքերը լռել էին. չարտասանվեց ոչինչ: Մտքում մի քանի բառ ոռնաց ու դողացող ձեռքերը պարզեց երկինք: Անձրևն անխնա քարկոծում էր դեմքը: Փոսը կամաց-կամաց ծածկվեց հողաշերտով: Կինն այնքան էլ չտխրեց, քանի որ մոր գրկում հավիտենական քուն մտնելը ամենամեծ հպարտությունն է: Նա էլ շատերի նման համալրվեց հայրենի անտառում: Ծառատունկն ավարտվել էր: Վերջին ծառը տնկեցի ու վեր թռա տեղիցս: Լուսամուտագոգին դրված լամպը անջատվել էր, բայց լուսնի լույսն օգնեց ինձ տեսնել ժամը՝ ուղիղ երկուսն անց երեսուներկուս էր: Շուտ վեր կացա, հագնվեցի, վերցրի սաղավարտը, զենքն ու զրահաբաճկոնը ու դուրս եկա: Սա վերջին մղձավանջային գիշերն էր, որ պետք է անցկացնեի 120 մարտական դիրքում: Շուտ հերթափոխն իրականացրեցինք ու սկսեցի հսկել երկնքի անդորրը: Որպեսզի ժամանակն անիմաստ չանցնի, գրպանիցս հանեցի իմ ամենամոտ ընկերոջը՝ Վարդարանն ու սկսեցի «Ողջունել Աստվածամորը»: Նայեցի երկինք ու տեսա, որ ամպեր չկան, ուրեմն հաստատ նա ինձ լսում է: Վերջին Ողջույնն էր մնացել, երբ խրամատի աջ մասում ձայներ լսեցի: Զենքը պարզեցի ու անաղմուկ առաջ շարժվեցի: Ոչինչ չկար, երևի վախից էր: Հազիվ սթափվեցի, որ այս մղձավանջը մոռանամ, բայց ուշադրությունս ինքնըստինքյան ուղղվեց թուրք երեխայի գերեզմանին: Ցածր լարման հոսանքի պես դողն անցավ միջովս ու հասավ երկինք: Չհամարձակվեցի մոտենալ գերեզմանին: Ետ շրջվեցի, որ քայլեմ նախկին տեղս, բայց չկարողացա, ինչ-որ մեկը կախվել էր ոտքերիցս: Նորից լսվեցին ձայներ, բայց այս անգամ հստակ լսեցի՝ երեխայի լացի ձայն էր: Ոտքերս դողացին, բայց որոշեցի քայլել գերեզմանի ուղղությամբ: Լուսնկա գիշեր էր, սև շիրմաքարը լուսնի լույսի տակ փայլում էր: Քար դարձած երեխան լացում էր, արցունքի կաթիլներ էին քարից գլորվում ներքև: Հոսանքի լարումն ավելի ուժեղացավ: Լացի ձայներն սկսեցին խեղդել ականջներս: Շիրմաքարի ներքևում կուտակված արցունքը կարմրեց, երևի հիշել էր փշալարի գոյության մասին: Երեխային հանգստացնելու համար ճիշտ կլիներ նախ նրա արցունքները մաքրել: Գրպանիցս հանեցի մորս նվիրած թաշկինակն ու ձեռքս երկարացրի, որ մաքրեմ շիրմաքարը, բայց չկարողացա, ձեռքերս այնքան ուժեղ սկսեցին դողալ, որ թաշկինակը վայր ընկավ: Երեխայի ոռնոցն անտանելի էր: Սև քարի վրա նշմարվում էին տղայի կապույտ աչքերը: Ուշադիր նայեցի նրա աչքերի մեջ՝ անորոշություն կար. ոչինչ, ոչինչ չտեսա: Աչքերն ավելի լայն բացեց, ու կարմիր կայծակն իր հետ դուրս հանեց մահը: Շիրմաքարից սկսեց արյուն հոսել: Ոտքերս չդիմացան ճնշմանն ու ծալվեցին, ծնկի եկա… Ձեռքս մեկնեցի, որ վերցնեմ թաշկինակը և այդ պահին սառը դանակը մխրճվեց կոկորդիս մեջ: Վերջին արյունոտ Ողջույնը չորացավ Վարդարանի վրա, չհասավ Աստվածամորը: Այդ պահին հիշեցի միայն այս ութ թիվը 19.02.2004թ., ուրիշ ոչինչ չհիշեցի: Գլուխս սառեց, արյունը մի քանի վայրկյան կանգ առավ, չէր կողմնորոշվում ինչ անել: Աչքերս դուրս ընկան, ու հայացքս մահացավ տղայի կապույտ աչքերի մեջ: Գոյության առաջին ծիլերը դուրս ցատկեցին, ու սև քարը միաձուլվեց արյան հետ: Երեխայի աչքերը ցավից մրմռացին. ստիպված էր փակել աչքերը: Մոր երազանքն այդպես էլ անկարատ մնաց: Գետնատնակում ժամացույցի սլաքները կանգ առան՝ ուղիղ երեք անց քսաներեք էր: Դանակը դանդաղ տեղաշարժվեց դեպի աջ: Սրտիս վերջին երեք զարկերը կոկորդիցս դուրս շպրտեցին արյան վերջին մնացորդները: Վստահ էի, սա հենց Ալլահի անեծքն էր: Վարդարանը ձեռքիս միջից ընկավ ու թաթախվեց արյան մեջ: Հոգիս վեր թռավ: Նայեցի շուրջս ու հասկացա, թե ինչու էր տատս ինձ Գանձ անվանում, նա վաղուց էր կանխատեսել իմ ապագան: Սև զարդատուփի մեջ հանգիստ էր ու հարմար, բայց չհասկացա, թե ինչու էր ձախ ոտքս դրսում կախված մնացել: Մորս տեսա. աչքերը լայն բացած այս ու այն կողմ էր տեղաշարժվում: Հիշեցի մանկությունս ու հասկացա, որ աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամաքուր ու անարատ սերը մայրական սերն է: Աներևույթ ու անիրական ուղեղս այդպես էր մտածում: Մոտեցավ ինձ, աչքերս շուտ փակեցի ու ձևացրի՝ իբր քնած եմ, չէի ուզում, որ ինձ արթուն բռնացներ, թե չէ հաստատ կջղայնանար; Տանն ամեն ինչ ու ամեն ոք հարազատ էր ինձ, միայն սև զարդատուփն էր անծանոթ. երևի առաջին անգամ էր, որ նրա հետ մտերիմ հանդիպում ունեցա: Դուռն անընդհատ բացվում էր ու փակվում, ձայները հանգիստ չէին տալիս մորս: Դուռը նորից բացվեց, զարդատուփը քարացավ: Սատանայական սև աչքերը ներս մտան: Ձեռքս տարա գրպանս, որ հանեմ Վարդարանը, բայց չկարողացա, քանի որ գրպաններս կարած էին: Ֆաքիրը մոտեցավ ինձ ու կանգնեց դիմացս: Նա էր եղել իմ կյանքի սուֆիզմը4: Ափսոս չէի կարող բացել աչքերս, ստիպված էի կուլ տալ ատելության հայացքները: Ժպտաց, ու այդ պահին ատամների արանքից դուրս պրծան ինձ ծանոթ բառեր՝ «Ուրախ եմ քեզ համար»: Դիմացա նրա գայթակղությանը, ուրեմն հաղթեցի ստանային: Զարդատուփը սկսեց սառցակալել: Նայեցի ժամին, դեռ տասը րոպե ժամանակ կար: Վեր կացա ու աննկատ դուրս եկա: Դուռը փակեցի ու վազեցի փողոցի երկարությամբ: Ոտքերս հիմա ավելի արագ էին աշխատում, քան առաջ: Բավականին հեռացել էի տնից, կանգ առա ու սկսեցի քայլել: Դժվար էր այդ պահին գիտակից կյանքով ապրել, քանի որ դառնալ գիտակից մարդ, նշանակում է գիտակցել, թե ով է մարդը, իսկ երբ գիտակցում ես, թե ով է մարդը, այդ ժամանակ քո միջից վերանում է մարդ լինելու ցանկությունը: Ժամանակը լրացած էր: Հեռվում ձայներ լսվեցին: Շրջվեցի մեր տան կողմն ու լսեցի՝ մոլլան էր հարություն առել: «Ողջոյն քեզ Մարիամ, լի շնորհոք, Տերն ընդ քեզ, Օրհնեալ ես դու ի կանայս և օրհնեալ է պտուղը որովայնի քո Յիսուս: Սրբուհի Մարիամ մայր Աստծո բարեխոսեա վասն մեր մողավորացս այժմ և ի ժամվան մեր մահվան………Ամեն»: Հ.Գ. Նոր էի սկսել աշխատել պատմվածքի վրա, երբ իմացա, որ 120 մարտական դիրքում ադրբեջանցիները հայ զինվոր էին մորթել: Տղերք, զգոն եղեք, պատերազմը դեռ շարունակվում է: “““““““““““ 1.Bayrami-Բայրամ-մահմեդակա տոն, նշվում է ամեն տարվա գարնանը: Յուրաքանչյուր մուսուլման ընտրում է ամենալավ ու առողջ կենդանուն, ամբողջ տարին լավ սնում, որ այդ օրը զոհի հանուն Ալլահի: 2․«Նրան սպանեցի, որովհետև նա ինձ ժպտալով բարևեց: Հենց այդ վայրկյանին ես որոշեցի սպանել Գուրգենին ու կտրել նրա գլուխը»: Ռամիլ Սաֆարով 3.ֆաքիր-դերվիշ 4.սուֆիզմ-արևելյան ուսմունք, որտեղ հատուկ նշանակություն ունի ցանկության անիրագործելիությունը: Որքան անհասանելի է բաղձանքի առարկան, այնքան ավելի է ձգում: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.qayl.am/bayrami-արայ-զարգարեան/]www.qayl.am[/url]

Նմանատիպ նյութեր