211652_close_icon
views-count7341 դիտում article-date 18:19 26-04-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Շիրակի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, այլ պաշտոնատար անձինք: «Շիրակի մարզը 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում արձանագրել է բավականաչափ բարձր ցուցանիշներ, և հանրապետությունում այս առումով լավագույններից է: Հատկանշական է առաջընթացը վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման, միջին բերքատվության ավելացման առումով: Անցյալ տարի մարզում 3750 հա ավել հող է մշակվել, և վարելահողերի օգտագործման մակարդակը կազմել է շուրջ 86 տոկոս, ինչը նույնիսկ ավելի բարձր է հանրապետական միջին ցուցանիշից: Անասնապահության ոլորտում գրանցված արդյունքները նույնպես գոհացուցիչ են», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով` հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով ավանդաբար առաջատար համարվող մարզը վերջին տարիներին մշտապես բերքատվության բարձր ցուցանիշներ է ապահովում: Այսպես` 2015 թվականին այստեղ ցորենի բերքատվությունը կազմել է 34,9 ց/հա, 7 տոկոսով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները և 28 տոկոսով` համախառն բերքը: Նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ դրական դինամիկան առաջիկա տարիներին կպահպանվի, քանի որ 1000 հա ավել աշնանացան է կատարվել նախորդ տարվա համեմատ։ Մարզը կարևոր դերակատարում ունի սերմնաբուծության և կարտոֆիլագործության զարգացման առումով, որտեղ նույնպես առկա են բարձր արդյունքներ: Նախարարը հավելել է, որ վերջին տարիներին նախարարությունը բացի Գյումրու սելեկցիոն կայանից, որը պետական հաստատություն է և սահմանափակ ռեսուրսներ ունի, համագործակցություն է ծավալում նաև մասնավոր տնտեսությունների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հանրապետությունում սերմարտադրությունը զարգացնելու նպատակով արտերկրից ներկրվել են էլիտային և սուպերէլիտային սերմացուներ և վերարտադրություն կազմակերպելու նպատակով տրամադրվել այդ տնտեսություններին, ինչը դրական արդյունքներ է ապահովել: Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար: «Մեր առջև խնդիր ենք դրել խթանել հանրապետությունում կոոպերատիվների շարժումը, ինչը կավելացնի գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կհեշտացի աշխատանքները, այս ուղղությամբ նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության ծրագրեր իրականացնում: Նախատեսում ենք ընթացիկ տարում ստեղծել թվով 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում»,- նշել է նախարար Կարապետյանը: Նախարար Սերգո Կարապետյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագրի շրջանակում տարեկան 200-400 գլուխ բարձր մթերատու կենդանիներ են ներկրվում հանրապետություն, ինչը բարձր արդյունքներ է ապահովում և հնարավորություն է տալիս տեղում կազմակերպել կենդանիների վերարտադրությունը: Նախարարը Շիրակի անասնապահությամբ զբաղվողների համար ևս մեկ կարևոր լուր է հայտնել` եկող տարի մարզում ժամանակակից սպանդանոց կկառուցվի:

Նմանատիպ նյութեր