2546 դիտում
15:34 02-05-2016
Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել
Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին:
Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվեց խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:
Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: «Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:
Թիմո Սոինին այս առումով ընդգծեց, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։
Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:
Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրեց այցելել Հայաստան:
Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան համատեղ մամլո [url=http://mfa.am/en/press-conference/item/2016/05/02/min_finland_press_conference/]ասուլիսով[/url]։
Նմանատիպ նյութեր
2612 դիտում
17:57 19-04-2016
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1054 դիտում
20:40 07-12-2022
Արցախի նախագահը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից