1549 դիտում
19:42 03-12-2020
«Օրենքի նախագիծն ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը». Վահե Հովհաննիսյանը և Մենուա Սողոմոնյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մամուլի ասուլիսով են հանդես եկել ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծին:
Մենուա Սողոմոնյանի տեղեկացմամբ, մամուլի ասուլիս հրավիրելու առիթն այն է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ոչ զեկուցվող հարցի կարգավիճակում ընդգրկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և ՀՀ ԱԺ ներկայացնելու որոշման նախագիծը:
Նրա հավաստմամբ, օրենքի խնդրահարույց նախագիծն ավելի քան մեկ տարի անցնում է հանրային լսումների փուլով, որոնց արդյունքում մի շարք կարևոր հիմնախնդիրների բաց մնալու պատճառով մասնագիտական հանրույթի, մասնավորապես ԵՊՀ-ի և ԳԱԱ-ի կողմից այն արժանացել է բացասական գնահատանքի:
Խնդիրներից մեկը, ըստ Մենուա Սողոմոնյանի, այն է, որ օրենքի այս նախագծով շեշտակի նվազում է ակադեմիական ազատությունը: Բացի դրանից՝ անհայտ է 70-ամյա Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը: Նրա կարծիքով, խնդիր է նաև հայագիտական որոշ առարկաների ոչ պարտադիր դառնալը և այլն:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսը հիշեցրեց, որ դեռևս փետրվարի 21-ին ԵՊՀ գիտական խորհուրդը, քննարկելով օրենքի նախագիծը, ներկայացրել է մի շարք կարևոր փոփոխությունների առաջարկ: Առաջարկներից էր օրինակ՝ օրենքով սահմանել ԵՊՀ-ն որպես կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները կսահմանի կառավարությունը:
Բացի դրանից՝ առաջարկվել էր բուհերի կառավարման խորհրդում սահմանել այնպիսի համամասնություն, որ ապահովի ողջամիտ ինքնավարություն, հստակեցվեն կառավարման առանձնահատկությունները, որպեսզի բոլոր բուհերի համար լինեն գործելու հավասար պայմաններ, առաջարկվել էր նաև, որ այս օրենքի նախագիծը հիմնված լինի բարձրագույն կրթության և գիտության հայեցակետերի վրա:
Մենուա Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ առաջարկվել է, որ թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններին որպես համահավասար սահմանել հաբիլիտացված PhD-ի և PhD-ի կարգավիճակները, ինչպես նաև բուհերին շնորհել առանձին կազմակերպաիրավական կարգավիճակ և այլն:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի փաստմամբ, ԵՊՀ-ի առաջարկությունների այս մեծ փաթեթը, ինչպես նաև ԳԱԱ-ի առաջարկություններն ուշադրության չեն արժանացել, նախագծում դրանց համապատասխան որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
«Իրավիճակն ավելի է վատանում նախագծում առկա մեկ փոփոխության պատճառով, ըստ որի՝ լիազոր մարմինը, տվյալ դեպքում ԿԳՄՍՆ-ն, իրավունք է ստանում մինչև կառավարման խորհրդի ձևավորումն ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև հինգ տարի ժամկետով»,- ասաց Մենուա Սողոմոնյանը և պարզաբանեց, որ դրանով հնարավորություն է ստեղծվում երկար ժամանակ չունենալու կառավարման խորհուրդ:
Սա, ըստ Մենուա Սողոմոնյանի, նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում. «Այսպիսով՝ այս նախագծով և ներդրված վերջին փոփոխությամբ բուհի կառավարման և՛ կառավարման խորհուրդը, և՛ ռեկտորը միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից, ինչը բուհական ինքնավարության կոպտագույն խախտում է»:
Նրա խոսքով, այս ամենը բուհական համակարգում առաջացնելու է տուրբուլենտություն՝ բուհերն անմիջական կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից. «Իսկ դրանց փոփոխության պարագայում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենալու բուհական կառավարման ոլորտում՝ զրկելով ակադեմիական համայնքին իր իսկ կառավարմանը մասնակցելու հնարավորությունից: Բացի դրանից՝ հումանիտար այս ճգնաժամում երևում է, թե գործադիր մարմնի համար որոնք են առաջնահերթությունները»:
Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը գործընթացը ներկայացրեց իրավական տեսանկյունից: Նրա խոսքով, առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ նախագիծը ոչ թե ուղղված է կրթության և գիտության ոլորտների բարեփոխումներին, այլ այն քաղաքական գործընթացների մաս է. «Ներկա վիճակը մեզ բազմաթիվ հիմքեր է տալիս այդպես մտածելու համար»:
Վահե Հովհաննիսյանի կարծիքով, ԵՊՀ-ն և Հայաստանի բուհական համակարգը բավականին երկար ճանապարհ են անցել բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության հասնելու համար. «Ընդ որում՝ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ ինքնավարությունը և ազատությունը երբեք բավարար անհրաժեշտ մակարդակի չեն եղել:
Հեղափոխությունից հետո մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ այդպիսի բարեփոխումներ կլինեն, և մենք կունենանք անհրաժեշտ մակարդակ»:
ԵՊՀ ռեկտորի թեկնածուի տեղեկացմամբ, այս գործընթացը սկսվել է շատ վաղուց, և թյուր է այն կարծիքը, որ 2005 թ. է սկիզբ դրվել բուհական ինքնավարությանը՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ է ներդրվել Բոլոնյան համակարգը. «Այս ճանապարհը մենք սկսել ենք անցնել դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին: Այդ ժամանակ ԵՊՀ-ն միակ բուհն էր Հայաստանում, որ 1988 թ. միացավ Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, որի պատվիրանները ենթադրում էին, որ բուհը պետք է քաղաքական և տնտեսական իշխանությունից զատ լինի, այն պետք է լինի մշակութաստեղծ և հիմնված ազատությունների վրա»:
Նրա խոսքով, այդ սկզբունքները հետագայում վերածվել են կոմյունիկեների, որոնցից են օրինակ՝ 2005 թ. Բեռլինի, 2007 թ. Լոնդոնի և մեզ համար ավելի հետաքրքրական 2015 թ. Երևանի կոմյունիկեն. «Ստացվում է, որ մենք լուրջ քայլեր ենք արել այս ուղղությամբ, ինչը հնարավորություն է ընձեռել, որ կոմյունիկեն ընդունվի հենց Երևանում: Սակայն, ցավոք սրտի, գործող և ներկայացված օրենքի նախագծով տեսական այդպիսի հնարավորությունն արդեն իսկ բացակայում է, բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադեմիական ազատություն ունենալու հնարավորությունից»:
Օրենքի նախագիծը, ըստ Վահե Հովհաննիսյանի, ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Ոչ միայն հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ բուհերն ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատություն, այլև օրենքի նախագծում առաջարկվող տարբերակը հակասում է և՛ Քաղաքացիական օրենսգրքին, և՛ «Հիմնադրամների մասին» օրենքին, որոնք հնարավորություն չեն տալիս կառավարությանը՝ նշանակելու ռեկտորին»:
Նրա կարծիքով, այստեղ կան նաև այլ ռիսկեր, որոնցից է, օրինակ, այն, որ ժամանակավոր կառավարիչը փաստորեն շատ ավելի լայն հնարավորություններ է ունենալու, քան բուհի ռեկտորը, որը կաշկանդված է լինելու բուհի զարգացման ռազմավարական ծրագրով. «Այս կառավարչի համար չեն գործելու բուհի ռեկտորների համար սահմանված օրենսդրական պահանջները: Ընդ որում՝ հանված է նաև այն դրույթը, որ եթե կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդը չհաստատի գործունեության հաշվետվությունը, ապա նա չի կարող պաշտոնավարել»:
Բացի դրանից՝ Վահե Հովհաննիսյանի փաստմամբ, շրջանառության մեջ են դրվել բազմաթիվ կեղծ օրակարգեր, որոնցից է հայագիտական առարկաների նկատմամբ վերաբերմունքը. «Փորձվել է արհեստական հակադրություն ստեղծել հումանիտար և բնագիտական թևերի միջև՝ նշելով, որ հայագիտական առարկաների պարտադիր լինելը հակադրում է ակադեմիական ազատությանը, և իբր թե նախապատվությունը տրվել է ազատությանը»: Նա ընդգծեց, որ օրենքի այս նախագծով որևիցե կերպ չի երաշխավորվում ակադեմիական ազատությունը, հետևաբար հայագիտական առարկաների ոչ պարտադիր համարելը կեղծ օրակարգ է և պարզ մանիպուլյացիա:
«Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ եմ անում ԱԺ-ի իմ գործընկերներին, որ առաջին հերթին նրանք չդավաճանեն իրենց մասնագիտությանը: Մասնագիտությանը դավաճանելը շատ ծանր բեռ է, ուստի միանշանակ օրենքով սահմանված բոլոր միջոցներով պետք է պայքարել, որ օրենքի այս նախագիծը չգործի: Իմ խորին համոզմամբ, այն չի կարող գործել, որովհետև հակասում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ մի շարք օրենքների»:
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կա որոշում օրենքով սահմանված բոլոր գործիքներով պայքարելու օրենքի այս նախագծի դեմ: Նրա տեղեկացմամբ, պայքարը չի բացառում նաև չակերտների մեջ ասված գործադուլը. «Ինչու չակերտների մեջ, որովհետև գործադուլ կազմակերպելիս պահանջն ուղղվում է գործատուին, իսկ այս պարագայում գործատուն ԵՊՀ-ն է, այլ ոչ թե կառավարությունը»:
Բանախոսները հանդիպման ժամանակ պատասխանեցին նաև լրագրողների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
22:10 30-11-2019
Գոհար Մելոյան. Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը
2612 դիտում
17:57 19-04-2016
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված