211652_close_icon
views-count3561 դիտում article-date 11:05 12-05-2016

Հակառակորդը Տավուշի ուղղությամբ շարունակում է անկանոն բնույթի կրակահերթեր արձակել. ՀՀ ՊՆ

Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր