211652_close_icon
views-count3485 դիտում article-date 11:44 16-05-2016

Այսօր խոսել բանակցային գործընթացի մասին անիմաստ է. Շավարշ Քոչարյան

ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը: Հեղինակներից Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե այն գործողություններից հետո նորից նույն հունո՞վ պետք է ընթանան բանակցությունները, թե զրոյից պետք է սկսեն: Հանձնաժողով եկած ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե այսօր խոսել բանակցային գործըթացի մասին անիմաստ է, քանի դեռ չկա կայուն զինադադար, վստահության միջոցները կյանքի չեն կոչվում: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կրկին պարզաբանեց, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ այս պահին աննպատակահարմար համարելով Արցախի ճանաչումը այն պարզ պատճառով, որ դա արող է բանակցային գործընթացին խանգարել: Օրենքի մյուս համահեղինակ Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ եթե փոխարտգործնախարարը նշում է, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու է ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: «Առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղի՞ց գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն եք առաջարկում»,-ասաց նա: Քննարկումը էլ ավելի թեժացավ, երբ Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց, թե այն միջազգային գործընկերներն ոչ մի բան էլ չարեցին` Ադրբեջանի կողմից ագրեսիան զսպելու համար:

Նմանատիպ նյութեր