211652_close_icon
views-count4948 դիտում article-date 21:26 16-05-2016

Ժնևի հայտնի «Վիկտորիա» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը

Մայիսի 13-ին Ժնևի հայտնի «Վիկտորիա» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած շնորհաշատ երգչախմբի մի շարք համերգներից կազմված շրջագայությունը Շվեյցարիայում նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին, իսկ ժնևյան գալա համերգը կազմակերպվել էր՝ ի աջակցություն սիրիահայ փախստականների։ Համերգի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Աշխարհի լավագույն մանկապատանեկան երգչախմբերից մեկը համարվող և միջազգային հայտնի բեմերում Հայաստանի դրոշի գույները բարձր պահող «Հայաստանի փոքրիկ երգիչները» մեր երկրի յուրօրինակ մշակութային դեսպաններն են: …Լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը՝ երգչախումբը կիսում է նաև մեր ժողովրդի վերածննդյան ձգտումը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու նրա երազանքը»: Երգչախմբի Ժնևյան համերգացանկը կազմված էր Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու շարականներից, հայկական ժողովրդական բանահյուսության գործերից, ինչպես նաև Բրամսի, Ռախմանինովի, Վերդիի, Դեբյուսիի, Ռոջերսի ստեղծագործություններից, որոնց կատարումներն արժանացան շվեյցարացի հանդիսատեսների ջերմ ընդունելությանը։ Համերգային շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները հանդես կգան Օնեում, Ֆրիբուրգում, Լոզանում, Լոկարնոյում, Վեվեյում, Մարտինյիում, Վինտերթուրում և Շվեյցարիայի մի շարք այլ քաղաքներում։

Նմանատիպ նյութեր