211652_close_icon
views-count4587 դիտում article-date 23:06 13-10-2016

Եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգները

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ դեսպանությունները համատեղ՝ ս. թ. սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը կազմակերպել էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգները եվրոպական մի շարք քաղաքներում: Համերգները նվիրված էին ՀՀ անկախության 25-ամյակին և կրում էին «Անկախության սերունդ» խորագիրը: Ս. թ. հոկտեմբերի 13-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի եվրոպական շրջագայություններին: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, երգչախմբի անդամները և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Նախարարության պատասխանատուն իր խոսքում նշել է. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեր անկախության ձեռքբերումներից է: Մեզ համար մեծ պատիվ է, որ «Անկախության սերունդն» արժանավույնս և բարձր է ներկայացնում նորանկախ Հայաստանի մշակույթը արտերկրում, հանդիսանալով՝ յուրօրինակ դեսպաններ: ՀՀ մշակույթի նախարարությունը մշտապես կանգնած է երգչախմբի կողքին, աջակցում է բոլոր նախագծերի իրականացմանը և պատրաստ է հետագայում ևս իր աջակցությունը բերել նմանօրինակ նախագծերի իրականացմանը»: Երգչախումբը 9 համերգով հանդես է եկել Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում. սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին՝ Կոպենհագեն, Հերնինգ և Հասլև քաղաքներում (Դանիա), սեպտեմբերի 22-ին, 23-ին և 25-ին «Փոքրիկ երգիչները» իրենց անզուգական կատարումներով հանդես են եկել Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում, Կարլսրուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում և Հալլեի Մայր տաճարում: Սեպտեմբերի 22-ի համերգը կայացել է Գերմանիայում հայ մշակույթի օրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարների հովանու ներքո: Սեպտեմբերի 28-ին և 30-ին «Հայաստանի Փոքրիկ երգիչները» հանդես են եկել` Հաագայի արվարձան Ռայսվայկում և Մաստրիխտի Սբ Կարապետ եկեղեցում: Երգչախումբն իր շրջագայությունն ավարտել է հոկտեմբերի 1-ին` հանդես գալով Բրյուսելի Սբ Միշել Մայր տաճարում: Երգչախմբի երգացանկում տեղ էին գտել վաղ դարաշրջանի և միջնադարի հայկական շարականներ ու ժողովրդական երգերի մշակումներ (Մաշտոց, Խորենացի, Կոմիտաս), կոմպոզիտորներ Ռոբերտ Պետրոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի, Դավիթ Հալաջյանի, ինչպես նաև Ուիլյամ Բըրդի, Ջիովանի Պերգոլեզիի, Ջուզեպպե Վերդիի, Կլոդ Դեբյուսիի, Ռոբերտ Շումանի, Սերգեյ Պլեշակի, Ռիչարդ Ռոջերսի, Ջո Գարլընդի, Դեյվիդ Մըկինթայըրի, Իռվինգ Բեռլինի հոգևոր, դասական, ժամանակակից և ջազային ստեղծագործությունները: որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Համերգներին ներկա էին արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ: Ահա նրանցից մի քանիսի կարծիքները.

Նմանատիպ նյութեր