211652_close_icon
views-count2044 դիտում article-date 16:44 17-05-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցելության սկզբում նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտեր: «Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման և մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր։», - նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր և նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու և լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար: Տեղեկացնելով, որ այս տարի կենտրոնում հիմնվել է նաև խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր, նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում. հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաև ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն: Ծանոթանալով կենտրոնի ընթացիկ աշխատանքներին` նախարարը տվել է հանձնարարականներ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր