211652_close_icon
views-count1631 դիտում article-date 23:30 20-05-2016

Խիստ կարևոր է միջազգային հանրության հետևողական, հստակ և հասցեական վերաբերմունքը. Հերմինե Նաղդալյան

Մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ավարտեց իր աշխատանքները Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանը այս անգամ հատկապես աչքի ընկավ իր ներկայացվածությամբ , քանի որ մասնակցում էին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Միգրացիայի, Աշխատանքի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ. Բնութագրելով ներկայիս ժամանակաշրջանի կարևոր մարտահրավերները` լիագումար նիստում ելույթ ունեցողները ընդգծում էին սառեցված և ընթացող հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը , որին մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մի շարք ազգային պատվիրակությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Հնչած բազմաթիվ հարցերի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակներին լրագրողների կողմից հարց է ուղղվել՝ Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների շուրջ, որին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան աննախադեպ լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, որը հանգեցրեց անդառնալի մարդկային կորուստների: Հերմինե Նաղդալյանն իր խոսքում հնչեցրել է հայկական կողմի այն տեսակետը, որ նման պարագայում խիստ կարևոր է միջազգային հանրության , Մինսկի խմբի համանախագահների հետևողական , հստակ և հասցեական վերաբերմունքը, որի բացակայությունն է, որ հիմք և հնարավորություն հանդիսացավ ավելի քան 20 տարի կոնֆլիկտի կարգավորման տեղում դոփելուն և նման ցավալի իրադարձությունների, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ավարտին Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն, բավական երկար զրուցելով` միասին լքել են ասուլիսի դահլիճը, իսկ լրագրողների հարցմանն ի պատասխան նշել, որ զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր