2027 դիտում
11:59 21-05-2016
Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ. Բակո Սահակյանի ուղերձը` Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ուղերձում ասված է.
«Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բոլորիդ Արցախում՝ ձեր իսկ հայրենիքում:
Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարևոր է և պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում:
Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական և վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում և միասնական ուժերով լուծել առկա խնդիրները:
Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի և պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար:
Մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ:
Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաև հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար:
Մեկ անգամ ևս կարևորելով կուսակցությունների դերը մեր հասարակական, քաղաքական կյանքում և պետականաշինության գործընթացում՝ ուզում եմ ողջունել Հայաստանի հանրապետական կուսակցության նման նախաձեռնությունը և ֆորումի բոլոր մասնակիցներին մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
700 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը