Եգիպտական A320 ուղևորատար օդանավն ամենայն հավանականությամբ պայթեցրել են
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ EgyptAir ավիաընկերության A320 օդանավը կամ պայթել է կամ պայթեցվել է: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով փորձագետ-քրեաբանին:
Վերջինս, ով նշված գործով հետաքննչական խմբի անդամ է և անձամբ է մասնակցել դիերի զննության գործընթացին, հայտարարել է, որ Կահիրե տեղափոխված դիերի մեջ նույնիսկ 1 դի չկա, որն ամբողջական լինի՝ կամ պոկված է գլուխը, կամ մարմնի մեկ այլ մաս: Դա տրամաբանորեն բացատրվում է նրանով, ո օդանավում պայթյուն է տեղի ունեցել:
Իր հերթին, Reuters գործակալությունը հայտնել է, որ առայժմ մասնագետները պայթուցիկ նյութերի որևէ հետք չեն հայտնաբերել, սակայն զոհերի դիերի վիճակը հիմք է տալիս մտածելու, որ օդանավում եղել է պայթյուն:
Հիշեցնենք, որ օդանավը կատարում էր Փարիզ-Կահիրե չվերթը, երբ Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել է ռադարներից: