211652_close_icon
views-count1313 դիտում article-date 14:29 25-05-2016

Հանրային խորհուրդը ձևավորել է առաջիկա լիագումար նիստի օրակարգը

Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում ս.թ. մայիսի 24-ին քննարկվել են ՀԽ առաջիկա լիագումար նիստի օրակարգային հարցերը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է մայիսի 20-ին ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նիստի արդյունքները` կապված Հայաստանում քաղավիացիայի զարգացման և ազգային ավիափոխադրող ունենալու խնդիրների հետ` http://publiccouncil.am/hy/press-releases/item/2016/05/20/279/ : Վազգեն Մանուկյանի առաջարկով այդ հարցերը ներառվել են ՀԽ լիագումար նիստի օրակարգ: Այնուհետև, ելնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագրի (Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ապագա ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ) 14 կետով նախատեսված դրույթից, ըստ որի ՀՀ Հանրային խորհրդում պարբերաբար պետք է տեղի ունենան կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկումներ` ապահովելով քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին և դրա կանխմանը, Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգ է ներառվել կոռուպցիայի դեմ պայքարի հարցը: Կարևորվել է հարցը հանրային լայն քննարկման դաշտ բերելու անհրաժեշտությունը և քննարկվել այդ գործառույթն իրականացնելու նպատակով Հանրային խորհրդի դերը: ՀԽ լիագումար նիստի օրակարգ ներառված հաջորդ հարցը կապված է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգի և հարկային օրենսգրքի հետ: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցրել է, որ դեռևս 2011 թվականին իրենց հանձնաժողովը ՀՀ կառավարության Արդյունաբերության զարգացման հայեցակարգի վերաբերյալ առաջարկներ է մշակել, որոնք, հաստատվելով Հանրային խորհրդի կողմից, ներկայացվել են ՀՀ կառավարություն: Շատ դրույթներ հաշվի են առնվել և ներառվել 2011 թվականին ընդունված հայեցակարգում: Ելնելով նոր իրողություններից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է մշակել նոր հայեցակարգ, որի վերաբերյալ նույնպես Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը պետք է ներկայացնի առաջարկություններ ու մոտեցումներ: Այս հարցի շրջանակներում քննարկվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված հարկային օրենսգիրքը: ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանին հանձնարարվել է կազմակերպել օրենսգրքի քննարկումը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ և քննարկումների արդյունքում ձևավորել Հանրային խորհրդի դիրքորոշումը: ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է գյուղատնտեսության զարգացման հարցը: Կարևորվել է հիմքում կոոպերացիայի ներդրմամբ գյուղատնտեսության ինդուստրացման հարցը: Որոշվել է այս հարցը նույնպես ներառել լիագումար նիստի օրակարգ: ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է լիագումար նիստի օրակարգ մտցնել նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության հիմնադրամի ձևավորման անհրաժեշտության հարցը` Խորվաթիայի, Սլովենիայի, Էստոնիայի և Ռուսաստանի օրինակով: Դա, ըստ Հովհաննիսյանի, թույլ կտա թափանցիկ, մատչելի և առավել հասանելի ու արդյունավետ դարձնել ՀՀ պետբյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող ամենամյա նվիրատվություններն ու դրամաշնորհները, ինչպես նաև խուսափել Հայաստանում քաղհասարակության բախումային և վերահսկողական մոդելների միջև խարխափումներից` նպաստելով առավել արդյունավետ ու հեռանկարային մոդելի ձևավորմանը: Հարցը ներառվել է լիագումար նիստի օրակարգ: Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը, որը նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կոլեգիայի անդամ է, առաջարկել է ՀԽ լիագումար նիստի օրակարգում քննարկել նախարարության կողմից մշակված Հայաստանի 2016-2025 թթ. տարածքների զարգացման ռազմավարությունը: Առաջարկն ընդունվել է:

Նմանատիպ նյութեր